NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 267 դատապարտյալ
Մայիսի 28-ի 00:30-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 267 դատապարտյալ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից: Մայիսի 26-ին խորհրդարանը ընդունեց համաներման որոշում:
Համաներմամբ դեռևս ազատ են արձակվել. Նուբարաշենի ՔՀԿ-ից՝ 27, Էրեբունիից՝ 70, Վարդաշենից՝ 25, Արթիկից՝ 33, Վանաձորից՝ 8, Սևանից՝ 21, Հրազդանից՝ 16, Գորիսից՝ 11, Կոշից՝ 41, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 14 և Աբովյանից՝ 1 դատապարտյալ: Երևան Կենտրոն ՔՀԿ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալ չկա:
Արթիկի ՔՀԿ-ից ազատ արձակվածների շարքերում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: 2010-ի հունվարին դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել 2008 թ.-ի նախագահական ընտրություններին հետևած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ և դատապարտել 7 տարվա ազատազրկման: Մայիսի 27-ին համաներմամբ ազատ է արձակվել նաև Սասուն Միքայելյանը, ով նույնպես ձերբակալվել էր 2008 թ.-ի մարտյան դեպքերի առնչությամբ:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է:
Աղբյուրը՝ www.hra.am
