NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախարարությունը վախենում է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կբարձրացնի ջրի սակագինը
ՀՀ բնապահպանության նախարարությունը չի կարող պատասխանատվության ենթարկել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին կոյուղաջրերով եւ հանքարդյունաբերական թափոններով աղտոտված Ողջի գետը չմաքրելու համար, քանի որ մտավախություն կա, որ վերջինս դրա արդյունքում կթանկացնի ջրի սակագինը:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարության շահերը ներկայացնող փաստաբանը մայիսի 18-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարության դեմ անգործության հայց է ներկայացրել, քանի որ վերջինս չի պարտավորեցնում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին թորման հատուկ կայաններ տեղադրել Ողջի գետը կոյուղաջրերից մաքրելու համար։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը www.hra.am -ին հայտնեց, որ Ողջի գետը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ուսումնասիրությունների համաձայն, ամենաաղտոտված գետերից մեկն է։ Ողջին է խմելու ջրով ապահովում Կապանը, Քաջարանը և տվյալ տարածքի բոլոր համայնքները:
«Երկու կողմից այն ամբողջությամբ լցվում է Կապանի եւ Քաջարանի հանքարդյունաբերական գործարանների աղբով, նաեւ բոլոր կոյուղաջրերն են լցվում նրա մեջ: Բացի այդ Ողջի գետը անդրսահմանային գետ է, որը հոսում է դեպի Արաքս»,-հայտնում է Զարաֆյանը:
Արթուր Ղազարյանը նշեց, որ իրենք երկու դատական գործ ունեն. մեկը՝ Կապանի 21 բնակիչներ հայց են ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ, որը պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ մաքուր ջուր մատակարելու, չի կատարում, երկրորդ բողոքը ՀՀ բնապահպանության նախարարության դեմ է, որը ըստ էության չի վերահսկում «Հայջրմուղկոյուղու» գործունեությունը:
Արթուր Ղազարյանը նշում է, որ դատարանում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն հայտարարում է, որ չունի բավարար ֆինանսական միջոցներ, որ մաքրման կայաններ տեղադրի:
Մայիսի 18-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջնորդությունը' «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցի քննումը կասեցնելու վերաբերյալ:
«Էկոլուր»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը չի կարողացել փաստաթղթերով ապացուցել, որ հետեւում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքին և դրա համար դատարանից ժամանակ է խնդրել' փաստաթղթերը ներկայացնելու համար:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 3-ին: Իսկ հունիսի 1-ին Վերաքննիչ դատարանում կլսվի Կապանի բնակիչների բողոքն ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
