Վերաքննիչ դատարանը հաստատեց, որ դատախազի տեղակալը և «Նուբարաշեն» ՔԿՀ պետը խախտել են օրենքը

Մայիսի 30-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց երեք հասարակական կազմակերպությունների վերաքննիչ բողոքի քննությունը։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ները պահանջում էին բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2011թ որոշումը և պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը վարույթ հարուցել գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետի դեմ' անձին ապօրինի կալանավորելու և կալանքի տակ պահելու հիմքով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը 2010թ օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ն առանց օրենքով նախատեսված հիմքերի պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այդ փաստը հայտնաբերել են բողոքաբեր երեք ՀԿ-ների ղեկավարները, ովքեր որպես Քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի ներկայացուցիչներ այցելել էին «Նուբարաշեն»:

Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր' Մելիք Սարգսյան) որոշեց բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18,01,2011թ որոշումը և վարույթն իրականացնող մարմնին (տվյալ դեպքում' ՀՀ Գլխավոր դատախազությանը) պարտավորեցնել վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

Դատարանը հիմնավորված համարեց, որ Սարգիս Պողոսյանի կալանավորումը և ՀՀ Գլխավոր դատախազության գրության հիման վրա կալանքի տակ պահելը եղել է անօրինական, քանի որ օրենքով նախատեսված կարգով առկա չի եղել ՀՀ իրավասու դատարանի որոշում: Իսկ «ՀՀ քրեական դատավարության օրենքսգրքի» 141 հոդվածի 10-րդ կետի համաձայն' կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր էր անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված անձանց:

Վերաքննիչ դատարանը փաստեց, որ Պողոսյանը ազատությունից զրկվել և կալանքի տակ պահվել է օրենքի խախտմամբ, որը հանգեցրել է անձի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքի խախտմանը:

Դատարանը խախտում համարեց նաև այն, որ բողոք ներկայացնողների կողմից հանցագործության մասին հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:

Վճռի հրապարակումից հետո պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ Գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը www.hra.am -ին ասաց, որ կարծում է' դատարանի վճիռն իրենք կբողոքարկեն:

Նա կրկին պնդեց, որ Դատախազությունն առաջնորդվել է ստանձնած միջազգային պարտավորություններով. «Կոնկրետ դեպքում Պողոսյանը կարմիր քարտի, այսինքն' Ինտերպոլի միջազգային կազմակերպության շրջանակներում հետախուզման համապատասխան որոշման հիման վրա էր հետախուզվում: Ինտերպոլին անդամակցում են 175 պետություններ' ներառյալ Հայաստանը: Որևէ խախտում ես չեմ տեսնում  նրան միջազգային հետախուզման հիման վրա հայտնաբերելու և կալանավորելու կապակցությամբ»:

ՀԿ-ների ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը զարմանք է արտահայտում, որ դատավորն իր վճռում չի անդրադարձել այն անձանց պատասխանատվության ենթարկելու հարցին, որոնց գործունեության հետևանքով Պողոսյանն ազատությունից զրկվել է:

Փաստաբանի խոսքերով' վճիռը ստանալուց հետո իրենք կդիմեն ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի ներքին ծառայողական քննություն անցկացնեն «Նուբարաշեն» ՔԿՀ պետի գործողությունների կապակցությամբ: Ինչպես նաև, կազմակերպությունները շարունակելու են ՀՀ Գլխավոր դատախազություն քրեական գործի հարուցման պահանջ ներկայացնել' հղում կատարելով Վերաքննիչ դատարանի որոշմանը:

Իսկ ինչ վերաբերում է տուժողին, Մարուքյանի խոսքերով' նա կարող է ՀՀ ներպետական դատարաններում վարույթ սկսել և պահանջել իր անազատության համար ֆինանսական փոխհատուցում' բացթողնված եկամուտի համար, կարող է նաև պահանջել պատասխանատվության ենթարկել գլխավոր դատախազի տեղակալին և «Նուբարաշեն» ՔԿՀ պետին:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am