Հացպանյանն ու Բոջոլյանը սպառեցին պատժաչափն ու ազատ արձակվեցին

Հունիսի 9-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը, իսկ հունիսի 10-ին «Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել թուրքագետ, թարգմանիչ Մուրադ Բոջոլյանը: Հայ ազգային կոնգրեսի կողմից քաղբանտարկյալ համարվող, ընդդիմադիր հայացքերով երկու գործիչներն էլ ազատ են արձակվել պատժաչափի ավարտման, այլ ոչ թե համաներման արդյունքում:

Հիշեցնենք, որ Ս.Հացպանյանը 3.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել սուտ մատնության համար: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստում:

Իսկ 2002-ից անազատության մեջ գտնվող Մուրադ Բոջոլյանը մեղադրվում էր ազգային դավաճանության և Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու համար և դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:

Աղբյուրը' www.hra.am