NON-GOVERNMENTAL ORGANIZATION
1200-ից ավելի փախստականների ընտանիքներ ապրում են ծայրահեղ վատ պայմաններում
Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է:
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի տվյալներով' ներկայումս Հայաստանում բնակվում է փախստականի կարգավիճակ ունեցող ավելի քան 3000 մարդ, որոնցից շուրջ 1200 ապրում է կենցաղային ծայրահեղ վատ պայմաններում: Եվս 80.000 փախստականներ արդեն ստացել են քաղաքացիություն: Իսկ 2010թ. օտարերկրյա պետություններից ապաստան են խնդրել 5000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ:
Հայաստանում բնակվող փախստականները հիմնականում էթնիկ հայեր են'գաղթած Ադրբեջանից, Իրաքից, Լիբանանից և այլն: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով' 1988-92 թվականներին Ադրբեջանից Հայաստան է բռնագաղթել ավելի քան 360.000 փախստական, ինչը կազմում էր բնակչության 12 տոկոսը:
www.hra.am -ի այն հարցին, թե որքանով են պաշտպանված փախստականների իրավունքները Հայաստանում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամլո քարտուղար Անահիտ Հայրապետյանը պատասխանեց. «Իրենք նույն օրենքներից են օգտվում, ինչ որ տեղացիները: Սակայն տեղացիների համեմատ փախստականն ավելի խոցելի վիճակում է գտնվում, որովհետև նա, միևնույն է, ունի ինտեգրացիայի խնդիր' լեզվի հարցում, աշխատանք գտնելիս»:
Նրա խոսքերով' ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը փախստականներին աջակցում է սոցիալական, կրթական և իրավական խնդիրների լուծման հարցում. «Բնակարանային հարցում շատ ենք օգնել, հիմա էլ պետությունն է իր վրա վերցրել»,- ասում է Անահիտ Հայրապետյանը:
Մինչև 2004 թվականը միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում մոտ 6000 բնակարան է կառուցվել Ադրբեջանից բռնագաղթվածների համար:
2004 թվականից սկսած' ՀՀ կառավարությունը սոցիալապես առավել անապահով 3500 փախստականների ընտանիքների բնակարաններով ապահովելու պետական ծրագիր է իրականացնում' պետբյուջեից հատկացնելով տարեկան 3-5 մլն դոլար: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ծրագիրն առժամանակ դադարեցվեց, և 1200 ընտանիքներ դեռ սպասում են բնակարանային խնդրի լուծմանը: Իսկ մինչ այդ նրանք ժամանակավորապես բնակվում են կոմունալ ծայրահեղ վատ պայմաններում գտնվող հանրակացարաններում, նախկին ադիմինիստրատիվ շենքերում և այլն:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Քասախ գյուղում 2010-ի հունիսին փախստականների համար կառուցել է սոցիալական տուն' 20 բնակարանով, սակայն այն դեռ շահագործման չի հանձնվել: «Այնտեղ շինարարական պրոբլեմներ են' և´ արտաքին, և´ ներքին, որոնք ֆինանսական պրոբլեմներ են առաջացրել: Մի քիչ գուցե շտապել ենք, հիմքը լավը չէ շենքի: Մենք ծրագրել էինք ծախսել 700 000 դոլար, բայց 1 մլն-ից ավելի ծախսել ենք ու դեռ հնարավոր չէ այնտեղ ապրել: Հիմա աշխատում ենք և հուսով ենք, որ մինչև ամառվա վերջ խնդիրը կլուծվի»,- նշում է Անահիտ Հայրապետյանը:
Ի դեպ, այս տարի լրանում է նաև «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի ընդունման 50 տարին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
