NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թանկացման հետևանքով մետրոյից օգտվողների թիվը կկրճատվի

Հունիսի 21-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց հուլիսի 1–ից մետրոպոլիտենի ուղեվարձի կրկնակի թանկացման մասին։
Թանկացումը քաղաքապետ Կարեն Կարապետյանը հիմնավորել է մետրոպոլիտենի զարգացման հեռանկարով։ Նա նշել է, որ մետրոյից օգտվողների թիվն ավելացնելու նպատակով մտադիր է կրճատել նույն ուղղությամբ աշխատող վերգետնյա տրանսպորտի երթուղիները, մինչդեռ թվաբանական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ թանկացումից հետո մետրոյից օգտվողների թիվը կկրճատվի 300 հազարով։
Այսպես՝ Քաղաքապետարանի տվյալներով մետրոյից օգտվում է միջինը 1.8 մլն մարդ, որոնք վճարում են 90 մլն դրամ։ Թանկացումից հետո Քաղաքապետարանում նախատեսում են ստանալ 150 մլն դրամ շահույթ, այսինքն՝ մետրոյից օգտվողների թիվը կդառնա միջինը 1.5 միլիոն մարդ։
Սպառողների իրավունքների պաշտպանություն (ՍԻՊ) ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է, որ ցանկացած թանկացում իրենց համար անընդունելի է, որովհետև սպառողն է տուժում դրանից. «Առավել ևս, որ մետրոյից հիմնականում օգտվում է ցածր եկամուտ ունեցող, անապահով խավը՝ ուսանողներ, մեծահասակներ և այլոք»։
Մյուս կողմից, Չիլինգարյանը թանկացումն անհիմն չի համարում. «Մետրոն թանկ հաճույք է։ Իսկ մեր մետրոն տարիներ շարունակ աշխատել է պետական դոտացիաների հաշվին։ Եվ այս թանկացումը էլի չի բերելու ինքնարժեքի ծածկմանը։ Եթե հիշում եք, տարիներ առաջ տրանսպորտը թանկացավ, բայց մետրոն չթանկացավ»,- նշում է նա։
ՍԻՊ փոխնախագահը դժվարանում է կանխատեսել՝ թանկացումը կանդրադառնա՞ տրանսպորտային մյուս միջոցների սակագների վրա, թե՞ ոչ։
Ավելացնենք, որ ըստ Կարեն Կարապետյանի՝ մետրոյի ինքնարժեքը 1 հոգու համար 160 դրամ է։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
