NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փոստանջյանները դատավոր Բեկթաշյանի գործուղումը Երևանի դատարան համարում են հակաօրինական
Հուլիսի 9-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Արմեն Բեկթաշյան) հետաձգեց Զարուհի և Տիգրան Փոստանջյանների հայցի քննությունը ընդդեմ ՀՀ Դատախազության։
Նշենք, որ Փոստանջյանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ քննչական ծայայությանը, որի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում չէր կայացվել և մնացել էր անհետևանք։
Այս հայցով Փոստանջյանները պահանջում են պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայությանն իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ կայացնել որոշում, մասնավորապես՝ քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի դեմ՝ անմեղության կանխավարկածի խախտման համար։
Պատասխանող կողմը չէր ներկայացել նիստին և գրություն էր ուղարկել գործն իր բացակայությամբ քննելու մասին, իսկ հայցվոր Զարուհի Փոստանջյանը հրաժարվեց մասնակցել նիստին որպես դատավարության կողմ։ Նա հայտարարեց, որ իր բողոքից չի հրաժարվում, սակայն բողոքը ներկայացված է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին, իսկ Արմեն Բեկթաշյանը ՀՀ նախագահի հրամանով նշանակված է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
«Դատարանների նախագահների խորհուրդը, Ձեզ գործուղելով այլ դատարան, կայացրել է մի որոշում, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։
Հունիսի 29-ին նշանակված նախորդ նիստին Փոստանջյանների փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել գործի քննության համար այլ դատավոր նշանակելու մասին, որը մերժվել էր։
«Փաստորեն, Դատարանների նախագահների խորհուրդն իրեն վերապահում է հանրապետության նախագահի լիազորությունները։ Դատավորին նշանակում է միայն ՀՀ նախագահը, իսկ դատավորը գործուղվել կարող է միայն իր մարզի տարածքում։ Այդ մասին կա Սահմանադրական դատարանի 02.02.2008թ ՍԴՈ 782 որոշումը»,- www.hra.am -ին ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նիստը կշարունակվի հուլիսի 18-ին, ժամը 10։00-ին։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
