NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԿԸՀ 7 անդամների թեկնածություններն առաջադրված են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 7 անդամների թեկնածություններն արդեն առաջադրված են։ Թեկնածուների առաջադրումը հաստատվելու է ՀՀ նախագահի կողմից:
Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո ԿԸՀ անդամներից 3-ի թեկնածությունն առաջադրում է Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ), 2-ական թեկնածու առաջադրում են Փաստաբանների պալատը և Վճռաբեկ դատարանը։
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է ԿԸՀ գործող նախագահ Գարեգին Ազարյանի և Լաուրա Գալստյանի թեկնածությունները:
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ԿԸՀ անդամի պաշտոնում առաջարկել է փաստաբան, թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) անդամ Գեորգի Մարտիրոսյանի և թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանի թեկնածությունը:
Հուլիսի 11-ին՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, ՄԻՊ Կարեն Անդերասյանը ԿԸՀ անդամ նշանակելու համար ՀՀ նախագահին առաջադրել է Արտակ Մելիքսեթյանի և արտամրցութային կարգով ընտրված Արմեն Սմբատյանի ու Տաթևիկ Օհանյանի թեկնածությունները։
Հիշեցնենք, որ երեկ ինքնաբացարկ էին հայտնել Կ. Անդրեասյանի կողմից մրցույթով ընտրված թեկնածուներից երկուսը՝ Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը:
«Չնայած մրցույթով ԿԸՀ անդամ ընտրելու առաջին փորձի որոշ անհարթություններին և չնախատեսված խոչընդոտներին, ԿԸՀ-ի նոր անդամ առաջադրելու անհրաժեշտության դեպքերում Պաշտպանը հետագայում ևս կառաջնորդվի մրցութային կարգով»,- վստահեցնում է ՄԻՊ գրասնեյակը։
ԿԸՀ անդամներ առաջադրող մարմիններից միայն ՄԻՊ գրասենյակն էր որոշել թեկնածուներ ընտրել մրցույթով։
ՄԻՊ հայտարարած մրցույթին մասնակցում էին նաև այսօր Վճռաբեկ դատարանի կողմից առաջադրվող թեկնածու Գարեգին Ազարյանը և Փաստաբանների պալատի կողմից առաջադրվող Գեորգի Մարտիրոսյանը։
Մրցույթն ուներ «բաց» ընտրության միտում, սակայն ինչ ստացվեց. մրցույթով անցած երկու թեկնածուները նայիվ մեկնաբանությամբ ինքնաբացարկ հայտարարեցին, իսկ մրցույթին մասնակցող, բայց չընտրված երկու թեկնածուներ էլ առաջադրվեցին ոչ թե ՄԻՊ գրասենյակի, այլ Վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից։
Ակնհայտ է, որ ի սկզբանե որոշվել է ԿԸՀ կազմը, ուղղակի սխալ հաշվարկ է եղել՝ թե ով ում պետք է առաջադրի։ Թերևս ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ թեկնածուների առաջին ընտրությունը չընդունվեց, քանի որ նա չէր ընտրել նախատեսված թեկնածուների։ Տրվե՞ց նոր թեկնածուներ առաջադրելու իրական հնարավորություն՝ դժվար է ասել. արտամրցութային կարգով նա առաջադրեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Տաթևիկ Օհանյանին և ՀՀ աշխատանքային տեսչության արհեստակցական միության նախագահ, թիվ 10 ԸԸՀ անդամ Արմեն Սմբատյանին։
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am
