NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«ԳԱԼԱ»-ն այս անգամ ևս կդիմի Եվրոպական դատարան

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն արդեն երկրորդ անգամ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Վճռաբեկ դատարանը մերժել է «ԳԱԼԱ» Հ/Ը բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի՝ Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից հեռուստասարքավորումները ապամոնտաժելու մասին որոշումը:
Հեռուստաընկերության իրավաբան Կարեն Թումանյանը www.hra.am -ին հաղորդում է, որ դատարանի կողմից նշած հիմքերն ավելի շատ քաղաքական են, քան իրավական:
«Խնդիրը նրանում է, որ առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել, որ ուրիշի սեփականությունից օգտվելը հնարավոր է, բայց ոչ անվճար: Վերաքննիչ դատարանը նման լիազորություն չունենալով փոխել է այդ որոշումը' նշելով որ նման հնարավորությունն ընդհանրապես բացակայում է, իսկ Վճռաբեկ դատարանում դա հաստատվել է»,- ասում է Թումանյանը, ով արդեն սկսել է նախապատրաստել գործը Եվրոպական դատարանին ներկայացնելու համար:
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«4 տարի ձգձգվող դատական այս գործընթացը հանգուցալուծում է ստանում համապետական ընտրությունների նախաշեմին, և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, ապամոնտաժելով իր հեռարձակող սարքավորումները, փաստացի կեթերազրկվի անորոշ ժամանակով»:
2008 թ.-ին քննված մեկ այլ՝ հարկային ստուգումներին եւ հեռուստաընկերությանը պարտադրված տուգանքին առնչվող գործով, «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը դեռեւս 2009 թ. մարտի 13-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
