ՀՀ վարչական դատարանը մերժեց «Միլանոյի» գործով հերթական հայցը

Հունիսի 15-ին ՀՀ Վարչական դատարանը (դատավոր՝ Ա.Միրզոյան) մերժեց «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի հայցն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության: Ավելի վաղ նույն դատավորը քննել և մերժել էր ԴԱՀԿ գործողությունների դեմ «Օլիմպ» արտադրական կոպերատիվի անունից ուղարկված հայցը։ 

Հիշեցնենք, որ «Միլանոյի» սեփականատերը դատական կարգով վիճարկում էր 10.03.2010թ. Երևանի Աբովյան 4 հասցեից հարկադիր վտարման գործողությունների իրավաչափությունը։ «Օլիմպ» ԱԿ փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ օրենքը նախատեսում է, որ մինչև հարկադիր օտարումը սեփականատիրոջ հետ պետք է կնքվի համապատասխան պայմանագիր, տրվի նախնական համարժեք փոխհատուցում և 2 ամիս ժամանակ՝ տարածքն ազատելու համար: Սակայն, փաստաբանի խոսքերով, «Միլանո» խանութի դեպքում սկզբում կատարվել է հարկադիր օտարում՝ առանց տարածքն ազատելու համար բավարար ժամանակ տրամադրելու, մոտ 8 ամիս հետո տրվել է փոխհատուցվող գումարը, իսկ պայմանագիր մինչ օրս կնքված չէ:

Դատավոր Ա.Միրզոյանը ԴԱՀԿ գործողությունները ճանաչեց իրավաչափ, իսկ «Կատարողական վարույթը կարճելու մասին» 18.03.2010թ որոշումը՝ օրինական:

«Օլիմպ» ԱԿ-ն պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am