NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սպանություններ բանակում. կա մեկ ձերբակալված և մեկ կասկածյալ
Հուլիս ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում արդեն արձանագրվել է 2 սպանության դեպք:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 15-ի երեկոյան՝ 20:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող 23-ամյա Խաչատուր Հրաչիկի Թադեւոսյանը մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները' ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող 19-ամյա Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին (Կենտրոնի ԶԿ):
ՀՀ ՊՆ քննչական վարչության լրատվության բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը www.hra.am -ին հաղորդեց, որ Խաչատուր Թադևոսյանը ձերբակալված է և պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով' անզգուշությամբ մարդու մահ առաջացնել: Խաչատուր Թադևոսյանը և Կոլյա Մեսրոպյանը բանակ են զորակոչվել 2010 թ.-ի առաջին զորակոչին։
Նույն օրը սպանվել է մեկ այլ զինծառայող՝ 1977թ. ծնված կապիտան Անդրեյ Ալեքսեյի Հարությունյանը (ԼՂՀ Մարտունու ԶԿ): Մերի Սարգսյանի փոխանցմամբ՝ քննչական ծառայության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 104 հոդվածի առաջին մասով'ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար. կա մեկ ձերբակալված անձ՝ որպես կասկածյալ, ում անունը դեռ չի հրապարակվում:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը'www.hra.am
