Բռնությունները լրագրողների նկատմամբ շարունակվում են

2011թ.-ի երկրորդ եռամսյակում  արձանագրվել է 2 ֆիզիկական բռնություն լրագրողների նկատմամբ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) եռամսյակային զեկույցում  նշվում է, որ ապրիլի 21-ին  «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է գնացել «Զինվոր» ՀԿ-ի ղեկավար Մարգարիտա Խաչատրյանը: Երեք հոգու ուղեկցությամբ, և ագրեսիվ վարք դրսևորելով՝ հաշիվ է պահանջել թերթի նույն օրվա համարում իր ղեկավարած կազմակերպության մասին տպագրված՝ «Ծեծկռտո՞ւք է եղել» վերնագրով լուրի առնչությամբ:

Մասնավորապես՝ նա, անեծքներ հնչեցնելով, կոտրել է սեղանին դրված բաժակները, պատառոտել թերթերը, այնուհետև հարձակվել խմբագիր Արմինե Օհանյանի վրա ու մարմնական վնասվածքներ հասցրել նրան՝ առանց հստակ պահանջ ներկայացնելու:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի կենտրոնական քննչական բաժինը մերժել է Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ  քրեական հետապնդում իրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ:

2 օր հետո բռնություն է կիրառվել մեկ այլ լրագրողի նկատմամբ: Ապրիլի 23-ին «Հրազդան» ստադիոնում՝ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը : «Totalfootall.am»-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին, իր աշխատանքը կատարելիս, նախ հարվածել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը՝ ասելով. «Էդ ո՞ւմ ես նկարում»: Այնուհետև վերջինիս ուղեկցողները երիտասարդ լրագրողին ծեծել են «Հրազդան» ստադիոնի թունելում՝ պահանջելով ջնջել լուսանկարած կադրերը: Տուժածը  ծնոտի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից դուրս է գրվել հաջորդ օրը:

«Արարատի» գլխավոր մարզչին, անվայել պահվածքի համար, բարձրագույն խմբի հանդիպումներում 10 խաղով որակազրկել են և «Արարատ» ակումբին 250 000 դրամով տուգանել:

Ոչ բռնություն, բայց համանման դեպք է արձանագրվել նաև մայիսին, երբ «Իրավունք» թերթի թղթակից Գայանե Զարգարյանին հետևել են, և երբ թղթակիցը մտել է շքամուտք, տեսել է, որ երիտասարդն արագ քայլերով մոտենում է իրեն, և լսվել է զենքի լիցքավորմանը բնորոշ ձայն:

Ըստ ԽԱՊԿ զեկույցի՝ ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ Ճնշումների քանակը նվազել է՝ այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ, սակայն աճել է՝ 2010 թ. երկրորդ եռամսյակի համեմատ.

2011 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում տեղի ունեցած խախտումների համեմատական աղյուսակը

     Խախտումների տեսակները

        2011 թ.

1-ին եռամսյակ

2011 թ.

2-րդ եռամսյակ

1. Ֆիզիկական բռնություններ՝

լրագրողների նկատմամբ

0

2

2. Ճնշումներ՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ

15

6

3. Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ

4

2

2010 և 2011 թվականների երկրորդ եռամսյակների ընթացքում տեղի ունեցած խախտումների համեմատական աղյուսակը.

     Խախտումների տեսակները

        2010 թ.

2-րդ եռամսյակ

2011 թ.

2-րդ եռամսյակ

1. Ֆիզիկական բռնություններ՝

լրագրողների նկատմամբ

3

2

2. Ճնշումներ՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ

5

6

3. Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ

5

2

Համեմատելով Հայաստանը տարածաշրջանի և ԱՊՀ երկրների հետ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց.

«Հայաստանը տարածրջանում միջին դիրք է զբաղեցնում, քանի որ իրավիճակը շատ ավելի լավ  է, քան' Ադրբեջանում  և մի քիչ ավելի վատ է, քան' Վրաստանում: Նախկին սովետական երկրներից Հայաստանը շատ սովորելու բան ունի Մերձբալթյան երկրներից»,- ասում է Մելիքյանը:

Նա անդրադարձավ նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին, որի արդյունքում վերացվեց «հովանոցային» (թաքնված) գովազդի արգելքը, ինչպես նաև՝ ավելացվեց եթերային ժամանակի 1 ժամվա ընթացքում թույլատրելի առևտրային գովազդի ծավալը՝ 10-ից հասցնելով 14 րոպեի: Ըստ էության, այս փոփոխություններով օրինականացվեց գովազդի՝ օրենքով սահմանված ծավալի փաստացի գերազանցումը։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը`
www.hra.am