NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եգոր Անտոնյա՞նն է ցուցում տվել
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր աշխատանքից ազատել է Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Եգոր Անտոնյանին։ Գնդապետ Եգոր Անտոնյանին աշխատանքից ազատելու պատճառը պաշտոնապես չի պարզաբանվում։
«Մոսկվա» կինոթատրոնի գործով գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը և նրա հայրը' Բենիամին Հովակիմյանը, համարում են, որ Եգոր Անտոնյանն է ցուցում տվել խոշտանգումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունք ստանալ Ստեփան Հովակիմյանից ։
Այսօր' հուլիսի 19-ին, կայացել է դատական նիստ Ս. Հովակիմյանին խոշտանգումների ենթարկելու համար քրեական գործ չհարուցելու դեմ բողոքի հիման վրա։ Հիշեցնենք, որ Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը բողոք էր ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության կայացրած որոշման դեմ, որով մերժվել էր քրեական գործ հարուցել խոշտանգումների մասով՝ «հանցադեպի բացակայության հիմքով»:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանն առանց կողմերի ներկայության, միայնակ քննել է բողոքը. որոշումը կհրապարակվի օգոստոսի 2-ին' ժամը 17:05-ին:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
