Նախկին դատավորը՝ որպես հայցվոր

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հուլիսի 20-ին լսվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի վերաքննիչ բողոքը, որով նա պահանջում է բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.05.2011թ որոշումը և իր նկատմամբ արդարացման որոշում կայացնել կամ գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով քննության։

Նախկին դատավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, քաղաքացուն կաշառք տալուն դրդելու և դատական նիստերի արձանագրություններում և դատավճռում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու համար։ Քրեական գործի վարույթը կարճվել է և Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Այս որոշման հետ Անահիտ Սաղաթելյանը համամիտ չէ և բողոքարկել է դատարանում։ Նա պնդում է, որ իր արարքներում հանցակազմ չկա և պահանջում է իր նկատմամբ կայացնել արդարացման վճիռ։

Այսօր կայացած նիստի ժամանակ Անահիտ Սաղաթելյանը և նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը բացարկ հայտնեցին դատախազ Նադոյանին։ Ա.Սաղաթելյանը նշեց, որ ինքը գտնում է, որ Նադոյանը շահագրգռված է գործի ելքով և նախաքննության ընթացքում հովանավորել է քննիչ Արշալույս Մինասյանի ապօրինի գործողությունները, որոնք նա որակեց  «հանցագործություն»։

Բացարկի համար հիմք է հանդիսացել նաև այն, որ դեռևս գործի նախաքննության ավարտին Սաղաթելյանի կողմից դատախազին ներկայացված բացարկն օրենքով նախատեսված կարգով չի քննվել և դրա վերաբերյալ առ այսօր որևէ որոշում չի կայացվել։ «Ինչպե՞ս կարող է գործի նախաքննությունը համարվել ավարտված և գործը ուղարկել դատարան առանց գործը հսկող դատախազի բացարկի հարցը լուծելու»,- ասում է Սաղաթելյանը։

Դատախազ Նադոյանը բացարկի միջնորդությունը համարեց անհիմն և մերժման ենթակա։ Դատարանը (նախագահող դատավոր Մ.Ռեհանյան) հեռացավ խորհրդակցության սենյակ և վճռեց մերժել միջնորդությունը՝ հիմնազուրկ լինելու պատճառաբանությամբ։

Անահիտ Սաղաթելյանը դատախազին բացարկ հայտնելու ևս երկու միջնորդություն արեց, որոնք քննության չառնվեցին, քանի որ դատարանը գտավ, որ նույն հիմքերով է։

Դատարանը վճռեց մերժել նաև Անահիտ Սաղաթելյանի՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Դատական նիստը հետաձգվեց մինչ հուլիսի 26-ը։

Մինչ այս դատավարությունը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 2000 թ., որի վարույթը կասեցվել է  հաշվի առնելով դատավորի՝ քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունը և վերաբացվել 2004թ.-ին՝ նախագահի հրամանագրով դատավորի լիազորությունների դադարեցումից հետո։

2008-ի հոկտեմբերի 1-ին Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեկ այլ քրեական գործ է հարուցել Անահիտ Սաղաթելյանի, դատական նիստերի քարտուղար Զ.Զարոյանի և ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Մ.Ավետիսյանի նկատմամբ 2001թ.-ին դատական նիստի արձանագրության և վճռի մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և դրանք ի կատար ածելու համար։ 2008թ հոկտեմբերին երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։  29.12.2008թ ՀՔԾ հատուկ կարևորագույն գործերով քննիչ Արշալույս Մինասյանը քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Սակայն Անահիտ Սաղաթելյանը դատական կարգով բողոքարկել է քննիչի կայացրած որոշումը։

Վճռաբեկ դատարանը գտել է, որ քրեական գործը չի կարող կարճվել այն հիմքերով, որին առարկում է մեղադրվող կողմը։ Գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ 2009-ի դեկտեմբերին դատարանը վերացրել է գործը կարճելու մասին քննիչի որոշումը և քրեական գործով կարճված վարույթը վերսկսվել է։

Անահիտ Սաղաթելյանը պնդում է, որ նոր նախաքննության ժամանակ բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել. «ՀՀ քրեական դատավարության սահմանած կարգով ինձ մեղադրանք չի առաջադրվել։ Ես գրավոր և բանավոր դիմել եմ, որ ուզում եմ ցուցմունքներ տալ, բայց քննիչը ցուցմունք չի վերցրել՝ գրելով, որ ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց։ Դիմել եմ, որ հարցաքննեն մի քանի վկաների, կրկին մերժել է»։

2010թ հունիսին գործը ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը 17.05.2011թ. վճռել է քրեական գործը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Անահիտ Սաղաթելյանը դատարանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am