NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քրեական հետապնդում ի սկզբանե չպետք է իրականացվեր` վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով
Հուլիսի 26-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Մ.Ռեհանյան) շարունակվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի գործով դատավարությունը: Նա պահանջում է բեկանել այն որոշումը, ըստ որի' իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և իր նկատմամբ արդարացման որոշում կայացնել կամ գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով քննության։
Նիստի սկզբում Անահիտ Սաղաթելյանը հայտարարեց, որ ինքը մինչ օրս չի ստացել նախորդ նիստին արված ինքնաբացարկի միջնորդությունները մերժելու մասին որոշումները, մինչդեռ օրենքը պարտադրում է որոշումը կողմերին հանձնել անհապաղ:
Այնուհետև Սաղաթելյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց բողոքի հիմքերը և փաստարկները: Ըստ բողոքաբեր կողմի՝ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ' արդար դատաքննության իրավունքը, դատաքննության ողջամտության ժամկետները, իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու իրավունքը և այլն:
Անահիտ Սաղաթելյանը մանրամասն ներկայացրեց մի շարք փաստարկներ, որոնք վերաբերում են գործի նյութերում և վկաների տված ցուցմունքներում առկա իրարամերժ և անարժանահավատ տվյալների: Նրա խոսքերով' իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է և պատվիրված:
Նա շարունակեց պնդել, որ իր նկատմամբ քրեական գործի հարուցում և քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումները ի սկզբանե չպետք է կայացվեին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով: Սակայն վարույթ իրականացնող մարմինը քրեական հետապնդում է սկսել, որից հետո նոր կարճել է գործը:
Անահիտ Սաղաթելյանը նաև բերեց փաստեր, հատվածներ վկաների ցուցմունքներից' ապացուցելու իր անմեղությունը և իր գործողություններում հանցակազմի բացակայությունը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 9-ը ժամը 12:00:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
