Երկու ամիս է չեն կարողանում պարզել սպանությու՞ն էր, թե՞ ինքնասպանություն

Հունիսի 28-ին մահացած զինծառայող Տիգրան Համբարձումյանի ծնողները հուսահատ են, թե քննություն իրականացնողները կբացահայտեն եղելությունը։ Պաշտոնական տվյալներով՝ Տիգրանը մահացել է դեռ չպարզված հանգամանքներում, իսկ ծնողների հավաստմամբ՝ տեղի է ունեցել սպանություն։

«Մինչեւ հիմա ոչ մեկը ձերբակալված չի, մեղավոր չկա, քննություն է գնում արդեն 2 ամիս, ու առայժմ ոչ մի բան հայտնի չի։ Հիմա ես չեմ հասկանում ի՞նչ պետք է լինի։ Իրանք ուզում են ինձ ապացուցեն, որ իմ երեխեն ինքնասպան է եղել, բայց պարտադիր չէ, որ իրավաբան լինես, որ ասես՝ մաքուր սպանություն է,- ասում է Տիգրանի հայրը՝ Բենիկ Համբարձումյանը,- իմ ընտանիքը կխելագարվի, եթե մի քիչ էլ ձգձգեն քննությունը»։

Նրանք գալով ՀՀ կառավարության շենքի առջեւ՝ ևս մեկ անգամ հիշեցնում են կառավարության անդամներին իրենց խնդրի մասին։  Բենիկ Համբարձումյանը նշեց, որ դժվար թե էլ գան, քանի որ պայքարի այդ ձևն անարդյունավետ են համարում։

«Սա դարձել է սովորական բան, դուրս կգան, սուտ երկու խոսք կասեն ու կգնան ուտել խմելու, քանի որ գիտեն, որ խելոք ժողովուրդ են կգան կհավաքվեն, կբողոքեն ու կգնան»,- ասում է Բենիկ Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ  Տիգրան Համբարձումյանը մահացել է 2011թ. հունիսի 28-ին: Հունիսի 29-ին նրա ծնողներին հայտնել են, որ գտել են Տիգրանին մահացած վիճակում զորամասից  50մ հեռավորության վրա՝ ձեռքերը գետնին, գլուխը ձեռքերի վրա, կտրած ձեռքով։ Ասել են՝ կենդանին հոշոտել է դին, ինչի պատճառով  չեն թողել ծնողներին մոտենալ դիակին ու այն հանձնել են փակ վիճակում:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար, սակայն մինչև այսօր պարզ չեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, հայտնի չեն մեղավորները:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am