NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աղասի Աբրահամյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 3 սպայի և մեկ զինծառայողի
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան գործով սեպտեմբերի 6-ին ձերբակալվել Է եւս երկու սպա. տեղեկացնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:
Սպաները ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 375 հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Երեկ այս քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր մեկ ժամկետային զինծառայող, իսկ անցյալ շաբաթ' մեկ սպա:
11 օր առաջ բանակում դաժան ծեծի ենթարկված Աղասի Աբրահամյանի մահվան փաստով գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ): Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 սպայի և մեկ զինծառայողի:
Սպաներին մեղադրանք է առաջադրվել Քր.օր. 375 հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), իսկ զինծառայողին՝ 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Բժշկական փորձաքննության արդյունքները պետք է պատրաստ լինեն արդեն այսօր, որի արդյունքում ըստ զինդատախազության՝ հնարավոր է մեղադրանքները փոխվեն, եթե պարզվի, թե կոնկրետ որ հարվածն է մահացու եղել զինծառայող Աղասի Աբրահամյանի համար:
Աղբյուրը՝ www.hra.am
