NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատավորներից մեկն անցել է թոշակի.վերաքննիչ բողոքի լսումը հետաձգվեց
«Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի տեղական միավորի հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 27-ը:
Հոգևոր հովիվը բողոքարկել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2011թ. կայացրած վճիռը, որով իրեն մեղավոր են ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մեջ։
Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը www.hra.am -ին փոխանցեց, որ նախագահող դատավորներից մեկը թոշակի անցնելու պատճառով բացակայել է։ Դատարանը որոշել է հետաձգել նիստը, մինչև դատավորների կազմի համալրումը։
Հիշեցնենք, որ 2010-ի նոյեմբերին «Շանթ»-ի նկարահանող խումբը (լրագրող' Արփի Սուքիասյան, օպերատոր' Էդուարդ Պետրոսյան) մտել է Սևանի նախկին կինոթատրոնի շենք և նկարահանումներ է կատարել' առանց պատշաճ ներկայանալու և թույլտվություն ստանալու։ Ներկայումս մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքի համասեփականատեր Վլադիմիր Բաղդասարյանը նրանց շենքից դուրս է հրավիրել, սակայն լրագրողները չեն ենթարկվել, որի արդյունքում վիճաբանություն է առաջացել։ «Շանթի» օպերատորի խոսքերով՝ Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն։
Նախաքննության և դատավարության ընթացքում կրոնական կազմակերպության հոգևոր հովիվը, նրա փաստաբանները և աջակիցները տարբեր առիթներով հայտարարել են, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործը կրոնական անհանդուրժողականության դրսևորում է: Վլադիմիր Բաղդասարյանը մտադիր է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, եթե տեղական դատարաններում չհասնի արդարացման վճռի:
Աղբյուրը՝ www.hra.am
