Ոչ թե հրավիրել են բաժին, այլ բերման են ենթարկել. Լևոն Բարսեղյանը և Առնո Կուռը մտադիր են դիմել դատարան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ իրեն և Առնո Կուռին ոչ թե հրավիրել, այլ բերման են ենթարկել Երևանի ոստիկանության կենտրոնի բաժին և առանց արձանագրություն կազմելու բաց են թողել: «Բողոքի ակցիան ամեն գնով խափանելու հանձնարարություն ունեին, և դա արեցին օրինազանցությամբ»,- ասում է Բարսեղյանը՝ ավելացնելով, որ իրենց մտադիր են դիմել դատարան:

«Դիմելու ենք դատարան, որ ճանաչեն մեր սահմանադրական իրավունքների խախտման փաստը. ոտնահարվել են մեր տեղաշարժման, արտահայտման և հավաքների ազատության իրավունքները»,- www.hra.am -ին տված մեկնաբանության մեջ ասել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան մի խումբ քաղաքացիներ «Ֆեյսբուք» սոցկայքի միջոցով բողոքի ակցիա էին նախաձեռնել՝ դեմ արտահայտվելով Հայաստանի Անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ռազմական շքերթին ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցությանը և ՌԴ դրոշների առկայությանը:

Մարտիրոս Սարյանի արձանի մոտ հավաքված ակտիվիստներին մոտեցել են ոստիկաններ, հետաքրքրվել հավաքի նպատակներից, հետո ձեռքներից վերցրել են «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Ոչ օտար դրոշներին» գրություններով պաստառները և թևանցուկ անելով ակցիայի կազմակերպիչներ Լևոն Բարսեղյանին և Առնո Կուռին նստեցրել են ոստիկանության մեքենան և տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այնտեղ ակտիվիստները մնացել են մոտ 3 ժամ, որից հետո ազատ են արձակվել: Նրանք հրաժարվել են որևէ ցուցմունք կամ բացատրություն տալուց, քանի որ նրանց  չեն թույլատրել տեսակցել իրենց փաստաբանին:

Ավելի ուշ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշում է, որ «ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ նրանց անձը պարզելու նպատակով, և որոշակի պարզաբանումներ տալուց հետո հեռացել են»:

«Մենք Ոստիկանություն ենք տարվել մեր կամքին հակառակ: Տեսանյութերում, որոնք տեղադրված են մի շարք լրատվական կայքերում, հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները քաշում ու քաշքշում մեզ: Միայն հստակ գիտակցելով, թե ինչերի են ընդունակ հայաստանյան ոստիկանները, կոշտ դիմադրություն ցույց չենք տվել դրանց»,- ասված է Լևոն Բարսեղյանի և Առնո Կուռի տարածած հայտարարության մեջ:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am