NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կոչ են անում ավելացնել Երևանի այգիների պահպանման և խնամքի ֆինանսավորումը

Ամփոփելով Երևանի հանրային այգիների համար պայքարի և քաղաքացիական ջանքերի վերջին մեկ ու կես տարին՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Երևանի քաղաքապետին և ավագանուն 2012թ. բյուջեում շեշտակիորեն ավելացնել Երևանի այգիների պահպանման և խնամքի համար հատկացվելիք գումարը: Բացի դրանից՝ նախաձեռնությունը արձանագրում է վերջին ամիսների հետևյալ դրական և բացասական փոփոխությունները.
- Ողջունելի ենք համարում բնակիչների ու մասնագետների ջանքերից հետո Երևանի գլխավոր պողոտայի զբոսայգում Տաշիր գրուպի կողմից նախատեսվող մեծամասշտաբ շինարարությունից հրաժարվելու փաստը և հույս հայտնում, որ այգում սկսված բարեկարգումն այն կդարձնի լիարժեք հանգստի գոտի.
- Որպես դրական օրինակ մատնանշում ենք Վիշապների պուրակում քաղաքացիական հաղթանակը, ինչի շնորհիվ հաջողվեց այգին ձերծ պահել բարձրահարկի կառուցումից: Շնորհակալ ենք քաղաքային իշխանությունների որոշման համար, այդուհանդերձ, ցավով արձանագրում ենք, որ որպես փոխհատուցում՝ կառուցապատողին Գայի պողոտա 2 հասցեում հատկացված տարածքը նույնպես գտնվում է կանաչ գոտում, որտեղ շինարարությունն ընթանում է նախատեսված ընթացակարգի խախտումներով և զուգակցվում ծառահատմամբ.
- Ողջունում ենք Նալբանդյան 106, ինչպես նաև Կողբացի 42, Պուշկին 40 և Տերյան 19, 23, 25 հասցեներով պարփակված բակային տարածքներում քաղաքացիական ակտիվ դիրքորոշումն ու համարում, որ բակերի վերջնական ձևավորումը պետք է համաձայնեցվի կից շենքերի բնակիչների հետ՝ Երևանում ստեղծելով կանաչ բակի նախադեպ.
- Միաժամանակ խիստ դատապարտելի ենք համարում այն, որ Ուսանողական այգու՝ հանրային մեծ բողոք առաջ բերած բետոնապատումը դեռ շարունակվում է, և Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից մինչ օրս չի արժանացել համարժեք արձագանքի:
Գնահատելով հանդերձ քաղաքի կանաչ գոտիների հանդեպ վերջին շրջանում նկատվող առավել հոգատար վերաբերմունքը և դրանցում ապօրինի շինությունների ապամոնտաժումը՝ ցավով հայտնում ենք, որ Երևանի տարբեր մասերում բնակիչներն արձանագրել են կանաչ գոտիների հաշվին սկսված նոր շինարարություններ, ինչը խիստ մտահոգիչ է:
Շատ հաճախ քաղաքաապետարանի և բնապահպանության նախարարության պատասխանատուները ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող հանրային այգիների վնասմանը արձագանքում են քաղաքացիների համառ ջանքերից հետո միայն: Բազմաթիվ են նաև Երևանի գլխավոր հատակագծի խախտումները: Լուսանկարներն առկա են:
Ցանկանում ենք շեշտել, որ Երևանի հանրային այգիների վնասումն ու կրճատումը մեծ խոչընդոտ է դառնում նաև քաղաքի ներդրումային գրավչության համար: Երևանի վերջին ամիսների կառուցապատման նախագծերը շարունակում են մտահոգություն առաջացնել, քանի որ առայժմ դրանց հիմնական չափանիշները մնում են բիզնես շահը, խիտ կառուցապատումը, հյուրանոցների ու վարչական շենքերի, վիճելի նախագծերի իրագործումը՝ ի հաշիվ Թամանյանի քաղաք-այգի նախագծի, Երևանի պատմական ինքնության և ճարտարապետական դիմագծի:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
