NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տեղեկանքը պատահաբա՞ր է ընկել գործից, թե՞ միտումնավոր է հանվել
Օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանում հայտարարեց, որ դեռևս Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործին կցված «Տեղեկանք» անունով փաստաթուղթը բացակայում է գործից: Նա նաև նշեց, որ դատավարությունը չի կարող շարունակվել և ավարտվել, եթե գործի նյութերը ամբողջական չեն:
Դատարանը հեռացավ խորհրդակցության և որոշեց հետաձգել նիստը, որպեսզի պարզի՝ արդյոք տվյալ «Տեղեկանքը» կցված է եղել գործին:
Օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը www.hra.am -ին հաղորդեց, որ Վերաքննիչ դատարան փոխանցված գործի նյութերին ծանոթանալիս, ինքը հայտնաբերել է, որ գործից բացակայում է «Տեղեկանք» անունով մի փաստաթուղթ: Տեղեկանքը գործին է կցվել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, որտեղ Քոչարյանների ներկայացուցիչը կետ առ կետ գրել էր, թե ինչպես պետք է մերժվի օրաթերթի բերած հակափաստարկները:
«Մենք, երբ որ ծանոթացանք տեղեկանքի բովանդակությանը առաջին ատյանի դատարանում, տեսանք, որ դրա բովանդակությունը լիովին համընկնում է դատավորի կայացրած դատական ակտի հետ, այսինքն՝ դատական ակտը կարծես գրված լիներ նախապես՝ դեռ դատական քննությունը չսկսած»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը չի կարող ասել՝ «Տեղեկանքը» պատահաբա՞ր է ընկել գործից, թե՞ միտումնավոր է հանվել:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերին Քոչարյանների ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում տպագրված 3 հրապարակումների կապակցությամբ: Քոչարյանները պահանջում էին հերքել իրենց պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները, և վնասի համար փոխհատուցել 6 միլիոն դրամ:
2011թ. հունիսի 6-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց Քոչարյանների հայցը՝ օրաթերթին պարտավորեցնելով հերքում տպագրել, ինչպես նաև զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցել 3 միլիոն դրամ: Փաստաբանական ծախսերի համար պանաջվող 3 միլիոն դրամ փոխհատուցելու մասով հայցը մերժվեց:
Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
