NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բանակում տեղի ունեցած վերջին երկու միջադեպերի մասին հստակ տվյալներ չկան

Բանակում Հոկտեմբերի 9-ին մահացած շարքային զինծառայող Վլադիմիր Ասատրյանի ձեռքի վրա գրված անունների մեջ որեւէ սպայի անուն չեն գտել: Ասատրյանի ձեռքի ափին հայտնաբերվել են մարդկանց անուն ազգանուններ՝ գրչով գրված. այս մասին www.hra.am -ին փոխանցեց Մերի Սարգսյանը՝ Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ՝ ժամը 10.40-ի սահմանում, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնել)։ Դեռևս ձերբակալվածներ չկան։ Կատարվում է քննություն։
Մերի Սարգսյանը դժվարացավ նշել, թե ինչի հիման վրա են քրեական գործը հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Զինվորին ծեծողների շրջանակը պարզված չէ
Մեկ այլ գործով՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում շարքային զինծառայող Ժորա Մկրտչյանին ծեծի ենթարկելու գործով Մերի Սարգսյանը հավատացնում է, որ Ժորա Մկրտչյանը երբեք կոմայի մեջ չի եղել և այժմ գտնվում է նորմալ առողջական վիճակում:
Այս դեպքի հիման վրա գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու, նրան ծաղրի ենթարկելով, կամ հալածելով կամ զուգորդվել է բռնությամբ: ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը նշում է, որ ձերբակալվածներ առայժմ չկան. բռնություններ կատարած անձանց շրջանակը պարզված չէ:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
