NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Լրագրողը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը
Հոկտեմբերի 12-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր՝ Գ.Մատինյան) մերժեց «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի բողոքն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և ուժի մեջ թողեց Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 6-ի վճիռը: Լրագրողն իր պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար Ռուբեն Հայրապետյանից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել, բարոյական վնասը փոխհատուցել 1 միլիոն դրամով, ինչպես նաև վճարել դատական ծախսերը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին մեկնաբանություններ ստանալու նպատակով «Հետքի» լրագրողը զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանին, իսկ վերջինս անպատվել և հայհոյել էր նրան նույնիսկ այն բանից հետո, երբ իմացել էր, որ խոսակցությունը ձայնագրվում է: Հավելենք, որ պատգամավորը հարցաքննության ժամանակ չէր հերքել, որ անպատվել է լրագրողին՝ պատճառաբանելով, որ այդ օրն ինքը եղել է նյարդայնացած ու վատառողջ:
Գրիշա Բալասանյանը և «Հետքը» մտադիր են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում:
Աղբյուրը՝ www.hra.am
