NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Արևորդի». թող քո հետքը բնության մեջ (վիդեո)

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը պատրաստվում է իր «բնապահպանական հետքը» թողնել Երևանի փողոցներում, 11 ցուցասրահներում ու մարդկանց գիտակցության մեջ:
Հոկտեմեբրի 14- 18-ը քաղաք մուտք կգործեն վերամշակված աղբի հագուստներով երեխաներ, բուհերում, կինոթատրոններում և այլ 11 ցուցասրահներում կցուցադրվեն բնապահպանական թեմայով ֆիլմեր, հասարակական կազմակերպություններն ու այս ոլորտում դրական փոփոխությունների կողմնակիցները կունենան դրամական աջակցության ու մարդկային շփման հնարավորություններ:
Սա Հայաստանում անցկացվող թվով արդեն երրորդ փառատոնն է, որը անցկացվում է 2 տարին մեկ և հնարավորություն է տալիս բնապահպանական խնդիրներով մտահոգված ռեժիսորներին ֆիլմերով դրսևորել իրենց քաղաքացիական դիրքորոշումը բնապահպանության հարցում:
Փառատոնի կազմակերպիչը ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է (FPWC), իսկ գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, ով այս տարի նաև 2մլն դրամի չափով դրամաշնորհ է պատրաստվում տրամադրել կոնկրետ բնապահպանական հասարակական մեկ կազմակերպության և ուսանողական խմբի:
Ինչպես հաղորդեց FPWC -ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը' փառատոնն այս տարի կբացվի «Գրին» ֆիլմով, որն աշխարհահռչակ ռեժիսոր Պատրիկ Ռուքսելն է նկարել և ֆիլմը ստացել է միջազգային հեղինակավոր մրցանակներ: Ռուքսելը 2003-ից նկարում է այնպիսի ֆիլմեր, որոնք բարձրացնում են անտառահատման, կենսաբազմազանության կորստի և կենդանիների հանդեպ ցուցաբերվող դաժան վերաբերմունքի հարցերը:
Ռուքսելը փառատոնի շրջանակներում նաև վարպետության դաս է անցկացնելու Երևանի ֆրանսիական համալասարանում հոկտեմերի 17-ին ՝ ժամը 15: 00-ին:
Բացի այս ֆիլմը, փառատոնին կմասնակցեն 75 ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, որոնցից 32-ը ընդգրկված կլինեն մրցութային ծրագրում: Ֆիլմերի մեջ կլինեն նաև 6 ֆիլմեր, որոնք նկարվել են հայ մանուկների կողմից, ովքեր FPWC-ի կողմից Հայաստանում էկոկրթություն իրականացնող էկոակումբների սաներ են:
Հիշեցնենք, որ նախորդ փառատոնի ժամանակ հենց այդ էկոակումբներից երկուսի ֆիլմերը ստացան ժյուրիի հատուկ մրցանակ։
17-ամյա Սոնա Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցելու փառատոնին Ուրծաձորի էկոակումբի նկարահանած «Խաղեր փոշու հետ» ֆիլմով:
«Մենք ապրում ենք վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում օդի առումով ամենաաղտոտված տարածաշրջանում՝ Արարատի մարզում, ու ֆիլմ ենք պատրաստել նման օդ ունենալու պատճառների մասին: Ցեմենտի գործարանը ու մոտակայքի տասնյակ քարի գործարաններն էլ ավելի են աղտոտում առանց այդ էլ աղտոտված մեր տարածաշրջանը: Մեր ֆիլմով մենք ուզում ենք բարձրաձայնել այդ խնդիրը ու կոչ անել, որ գոնե օգտագործեն թորման կայաններ այդ գործարաններում»,- ասում է Սարգսյանը:
Նարե Ֆիլիպոսյանը, ով այժմ սովորում է Իտալիայում, անհամբեր սպասում է, երբ են իր՝ Սիսիանի էկոակումբի ֆիլմը ցուցադրելու փառատոնի ժամանակ: Նրա ֆիլմն էլ՝ «Մոլիբդենի ծաղիկը», պատմում է Դաստակերտ քաղաքում նոր հանքավայր ստեղծելու վտանգի մասին:
Փառատոնի նպատակն է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնել բնապահպանական խնդիրների մասին' բարձրացնելով երեխաների և երիտասարդության գիտակցության մակարդակն այդ խնդիրների շուրջ:
Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև հատուկ համաժողով, որի ժամանակ արտասահմանյան երկրների հյուրերը կներկայացնեն արտասահմանում կատարվող էկոկրթական ծրագրերը: Նշենք, որ փառատոնի շրջանակներում կնշվի նաև Երևանի կենդանաբանական այգու 70 ամյակը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
