Զինծառայող Յուրիկ Ներսիսյանի մահվան գործով ձերբակալվել է մեկ զինծառայող

Հոկտեմբերի 12-ին ԼՂՀ զորամասերից մեկում մահացած եֆրեյտոր Յուրիկ Ներսիսյանի մահվան գործով ձերբակալվել է մի ժամկետային զինծառայող. տեղեկացնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:

Ժամկետային զինծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) կասկածանքով:  

Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի տրամադրած տեղեկատվության՝ նախնական վարկածով Յուրիկ Ներսիսյանը ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել:

Հոկտեմբերի 9-ին և 13-ին պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Ասատրյանի և 21-ամյա Արամ Մելքոնյանի մահվան առիթով դեռևս ոչ մի ձերբակալված անձ չկա::

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ երեք գործերով էլ նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը՝ www.hra.am