NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բնապահպանական փառատոնը շարունակում է հետքեր թողնել քաղաքում (վիդեո)

Արևորդին արդեն երրորդ անգամ է արագացնում Երևանի զարկերակի աշխատանքը. դիմակահանդես- շքերթ՝ աղբից պատրաստված հագուստներով, տասնյակ բնապահպանական ֆիլմերի դիտում, քննարկումներ, ցուցահանդեսներ, շենքերի նկարազարդում և այլ հետաքրքիր միջոցառումներ։
Համաժողով, ցուցահանդես և բնապահպանական ծրագրեր
«Հարավային Կովկասում քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի դերը վայրի բնության պահպանության գործում» եռօրյա համաժողովի ընթացքում հայաստանյան 16 հասարակական կազմակերպություններ ներկայացրեցին իրենց կազմակերպությունն ու ծրագրերը, իսկ միջազգային մասնագետները կիսեցին էկոկրթություն իրականացնելու իրենց փորձը։
«Մենք նպատակ ունեինք համախմբել Հայաստանում գործող բնապահպանական հասարակական կազմակերպությունները, ստեղծել համագործակցության եզրեր նրանց միջև, ինչպես նաև խրախուսել նրանց աշխատանքը»,- հայտնեց փառատոնի կազմակերպիչ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Փառատոնի շրջանակներում 2 ուսանողական խումբ և մեկ հասարակական կազմակերպություն դրամական օժանդակություն ստացան ( յուրաքանչյուրը 1 միլիոն դրամ) իրենց բնապահպանական ծրագրերն իրականացնելու համար:
«Կանաչ արահետ» ՀԿ-ն պատրաստվում է բարձրացնել մարդկանց իրազեկությունը կարմիր գրքում պահպանվող բուսատեսակների և կենդանատեսակների վերաբերյալ: ԳԱԱ կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն հիդրաէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ուսանողները պատրաստվում են հետազոտել Սևանա լճի ձկնատեսակների (գեղարքունի եւ ամառային իշխան) ներկայիս քանակը, իսկ Արտաքին տնտեսական կապերի համալսարանի ուսանողներն ուսումնասիրելու են բնապահպանական, տնտեսական ու օրենսդրական դաշտերը՝ Հայաստանի վայրի բնության պահպանության նկատառումներով:
Բնապահպանական ֆիլմերի փառատոնի շրջանակում նշվեց նաև կենդանաբանական այգու 70-ամյակը, որի առթիվ հայտարարված ֆոտոմրցույթի ժամանակ՝ հոկտեմբերի 17-ին, ընտրվեցին 6 հաղթողներ սիրողական ու պրոֆեսիոնալ անվանակարգերով:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հանդես եկավ բնապահպանական հայտարարությամբ. «Հուսանք, որ Կենդանաբանական այգում տարեցտարի կպակասեն ճաղավանդակները, և առաջիկա տարիներին կենդանաբանական այգին իր նոր դեմքով կներկայանա այցելուին, որի հիմնական կոնցեպցիան լինելու է կապը կենդանիների, բնության և մարդու միջև»,- ասաց Խաչատրյանը:
Վանաձորում գործում է «կանաչ դպրոց»
Փառատոնը առաջարկում է նաև նախաձեռնել և իրականացնել ներդպրոցական բնապահպանական ծրագրեր, դպրոցում օգտագործել միայն հարյուր տոկոսով վերմաշակված թուղթ, խնայել էլեկտրաէներգիան և ջուրը ու դառնալ «Կանաչ դպրոց» ցանցի անդամ:
Աշխարհի քառասուներեք երկրներում իրականացվող «Կանաչ դպրոց» նախագիծն այսօր իր շուրջն է համախմբվել քսանյոթ հազար դպրոց, վեց միլիոն աշակերտ և չորս հարյուր հազար ուսուցիչ:
Հայաստանում այդ ցանցի անդամ է դարձել Վանաձորի թիվ 10 դպրոցը։ Վանաձորում նախորդ տարվա ընթացքում հավաքվել են պլաստիկե շշեր ու բացվել է աղբի վերամշակման առաջին գործարանը:
Հոկտեմեբրի 16-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում այդ դպրոցի սաները քննարկում էին նույն խնդրի վերաբերյալ դպրոցականների կողմից նկարահանված ֆիլմեր:
Նշենք, որ այս տարի Հայաստանում կանաչ դպրոցների թիվը ավելացել է երկուսով.Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան 20 և Նորադուսի թիվ 2-րդ դպրոցները ևս «կանաչ» են դարձել:
Աղբն ու թուղթը պետ ք է վերամշակել
Աղբի վերամշակման կոչ են անում «Մոսկվա» կինոթատրոնի բակում տեղադրված կենդանիները, որոնք պատրաստված են պլաստիկե շշերից և աղբից։
ՄԱԿ-ի բնապահպանական կոմիտեի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պլաստիկե աղբի պատճառով տարեկան զոհվում է 1 միլիոնից ավելի ջրային թռչուն և 100 հազարից ավելի կաթնասուն: Իսկ աշխարհում ամեն տարի արտադրվում է 500 միլիարդից 3 տրիլիոն պլաստիկե շիշ, այսինքն ՝ 1 միլիոն շիշ մեկ րոպեում:
Իսկ թղթի վերամշակումը զարգացնելու արդյուքնում մենք կխնայենք ծառերը. աշխարհում օրական 1 միլիոն տոննա թուղթ է օգտագործվում: Եվրոպական երկրներում գտել են արդեն այս խնդիրը լուծելու տարբերակը' թուղթը պարզապես վերամշակում են. 1 տոննա վերամշակված թուղթը խնայում է 17 ծառ, 32.000լ. ջուր, 4000 կՎտ/ժ էլէկտրաէներգիա:
Հայաստանում երբեմն փոքրիկ ծրագրերով թղթի վերամշակում է իրականացվում: Փառատոնի կազմակերպիչները բացման ասուլիսի ժամանակ հենց այդ առումով հաղթանակ արձանագրեցին այն, որ սուպերմարկետներում սկսել են վաճառվել վերամշակված թղթից տոպրակներ։
«Արևորդի» փառատոնը շարունկավում է: Հոկտեմբերի 18-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի համաշխարհային ճանաչում ունեցող «Ծովախորշը» ֆիլմը, որը պատմում է աշխարհում դելֆինների մահացության դեպքերի մասին։
Հոկտեմբերի 19-ին կկայանա «Արևորդի» փառատոնի փակումը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
