NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանում վկաները հաճախ ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների
«Վկաների պաշտպանության մեխանիզմ, որպես այդպիսին իրականում գոյություն չունի: Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է պաշտպանության նորմեր, բայց դրանցից ոչ մեկը ռեալ ապահովված չէ համապատասխան մեխանիզմներով, նյութատեխնիկական հնարավորություններով: Իսկ դա էական նշանակություն ունի վկայի ինստիտուտի արդյունավետության բարձրացման վրա՝ թե՛ մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների բացահայտման, թե՛ վկաների նկատմամբ ճնշումները բացառելու առումով»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հոկտեմբերի 18-ին ներկայացրեց «Վկաների պաշտպանությունը» զեկույցը, որն իրականացվել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ:
«Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ մենք ունենք վտանգված վկա»,- նշում է Սաքունցը՝ հավելելով, որ վկայություն տվող քաղաքացու անվտանգության երաշխիքներն այսօր բացակայում են:
Ուսումնասիրությունն իրականացվել է Լոռու, Տավուշի և Շիրակի թվով 17 քննչական բաժիններում կատարված դիտարկումների, ինչպես նաև՝ գործող փաստաբանների և քննիչների հարցման միջոցով: Արդյունքում ակնհայտ են դարձել մի շարք խնդիրներ: Քննչական բաժինների շենքային պայմանները չեն բավարարում վկաների հարցաքննության համար պահանջվող նվազագույն պահանջներին: Վկաների հարցաքննությունները, որպես կանոն, իրականացվում են քննիչների աշխատասենյակներում:
«Սա լուրջ խնդիր է, որովհետև ՀԿ-ները, որոնք վերահսկողություն են իրականացնում նախաքննության նկատմամբ, մուտք չունեն քննիչների աշխատասենյակներ, այն դեպքում, երբ մի շարք խախտումներ տեղի են ունենում հենց քննիչների աշխատասենյակներում»,- մեկնաբանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Տաթև Մատինյանը:
Մյուս խնդիրը, իրավաբանի խոսքերով, այն է, որ վկաների համար նախատեսված չեն սպասասրահներ: «Վկաները մինչև հարցաքննության ավարտը չպետք է իրար հետ հաղորդակցվեն, որպեսզի չկարողանան պայմանավորվածություն ձեռքբերել հարցաքննության ժամանակ տրվող ցուցմունքների վերաբերյալ: Այնինչ, պրակտիկան ցույց է տվել, որ քննիչների աշխատասենյակների միջանցքներում վկաների կուտակումներ են առաջանում, որոնք կարող են լսել մյուս վկաների հարցաքննության ընթացքը և տալ նմանատիպ ցուցմունքներ»,- ասում է նա:
Ուսումնասիրության ընթացքում փաստաբանները նշել են վկաների իրավունքների ամենատարածված խախտումները՝ վկաները հարցաքննության են կանչվում առանց ծանուցագրի՝ հեռախոսազանգով, պատշաճ կերպով չեն ծանուցվում իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ինչը օրենքի պահանջ է:
«Ավելին, հաճախ գրանցվում է վկաների նկատմամբ ֆիզիկական և հոգեկան ճնշումներ, որոնք բերում են ոչ ճշմարտացի ցուցմունքներ տալուն: Վկային 10-12 ժամ պահում են անազատության մեջ, որը նման է վարչական կալանքի: Նրան թույլ չեն տալիս դուրս գալ քննչական բաժանմունքից, մինչև քննիչը չի ստանում իր համար ցանկալի ցուցմունքը»,- ասում է Տաթև Մատինյանը:
Փորձագետները տարբեր խախտումներ են արձանագրել անչափահաս վկաների հարցաքննության առնչությամբ՝ առանց օրինական ներկայացուցչի մասնակցության անչափահաս վկայի հարցաքննություն և այլն:
Վկաների պաշտպանության համակարգը բարելավելու համար զեկույցում ներառված են մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում են թե՛ օրենսդրական, թե՛ իրավակիրառ պրակտիկայի փոփոխություններին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկում է վկայի փաստաբանին օրենքով տալ որպես պաշտպան հանդես գալու լիազորություն, իսկ եթե վկան անվճարունակ է, հնարավորություն տալ օգտվելու հանրային պաշտպանի ծառայությունից:
ՀԿ-ն առաջարկում է նաև, որ հատուկ արձանագրություն վարվի քննչական բաժին մուտք գործող վկաների կամ այլ քաղաքացիների մուտքը և ելքը գրանցելու համար, որպեսզի վկաները վարչական կալանավորի կարգավիճակում ժամեր շարունակ չպահվեն բաժանմունքում:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
