NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խմբագիրները կոչ են անում ՍԴ–ին կասեցնել 1087.1 հոդվածի կիրառումը

Հայաստանյան 8 թերթերի խմբագիրներ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Սահմանադրական դատարանին (ՍԴ) միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի զրպարտությանը և վիրավորանքին առնչվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով մինչև Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՍԴ ուղարկված դիմումի հարցով վերջնական որոշման կայացումը.
«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» և «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի:
Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է, կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը:
Մենք' Հայաստանում լույս տեսնող թերթերի ներքոստորագրյալ խմբագիրներս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները և դրանց դատական կիրառումը համարում ենք հակասահմանադրական, որի հեռահար նպատակը ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է:
Հաշվի առնելով, որ ՄԻ պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, Սահմանադրական դատարանին կոչ ենք անում մինչև վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով:
Ընդգծում ենք նաև, որ պատրաստ ենք լիազորված անձանց միջոցով պատկան մարմիններին ներկայացնել իրավիճակի հաղթահարման կոնկրետ առաջարկներ:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ անկախ դատական և այլ կարգի հետապնդումներից' հավատարիմ ենք մնալու ընթերցողներին տեղեկություններ տրամադրելու մեր մասնագիտական պարտքին, և հետևողականորեն պայքարելու ենք Խոսքի ազատության, ինչպես նաև տեղեկություններ փնտրելու, ստանալու, տարածելու Սահմանադրական իրավունքի պաշտպանության համար»:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայան
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Աննա Վ. Հակոբյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյան
Աղբյուրը՝ www.hra.am
