«Ընտրակեղծիքների որակը գնալով բարձրանում է և դառնում ավելի պրոֆեսիոնալ». Լ.Ալավերդյան

Ընտրությունների ժամանակ «սև տեխնոլոգիաների» կիրառման և մարդու իրավունքների խախտման հիմքը դրվեց 1995-96 թվականներին. այս կարծքիը հայտնեց  մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հոկտեմբերի 19-ին «Սլաք» ակումբում։

«Դրանից հետո երկու անգամ փոխել ենք իշխանություններին, սակայն ոչինչ չի փոխվել, այդ սև տեխնոլոգիաներն ավելի են կատարելագործվել և դարձել են բիրտ»,- ասում է նա:

Ալավերդյանի խոսքերով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի նշանակումն արդեն իսկ մի պարտություն է մեզ համար:

«Համակարգը ԿԸՀ բերել է մի մարդու, որն իր գործունեությամբ ապացուցել է, որ շատ պրոֆեսիոնալ ձևով կարող է կատարել իշխանության պատվերը: Ես Տիգրան Մուկուչյանի անձին կամ արժանապատվությանը չեմ կպնում, այլ ասում եմ, որ նա այն համակարգի ներկայացուցիչ է, որը պատվեր կատարող է»,- ասում է պատգամավորը: Նրա խոսքերով՝ ընտրելու իրավունքն իր մեջ ներառում է կարևոր բաղադրիչ՝ մասնակցություն երկրի կառավարման գործընթացին՝ ուղղակիորեն ընտրվելու կամ իր ընտրած ներկայացուցչի միջոցով:

Իրավապաշտպանն ընտրական գործընթացներում ամենաանընդունելի և կոպիտ խախտումը համարում է բիրտ ուժի և զենքի օգտագործումը:

«Եթե զենքի գործածումը լիներ ցուցարարների կողմից, սպանությունները վաղուց բացահայտված կլինեին: Եթե պետությունը չի կարողանում գտնել 10 մարդ սպանողներին, դա ինձ հիմք է տալիս տրամաբանելու, որ դա եղել է իշխանության ներկայացուցչի կողմից կամ իշխանությունների կարգադրությամբ»,- անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի հետընտրական արյունալի դեպքերին՝ ասում է պատգամավորը:

Խոսելով կանխարգելիչ միջոցառումների մասին՝ Լարիսա Ալավերդյանը խորհուրդ տվեց գյուղերում և քաղաքներում ստեղծել ակտիվ քաղաքացիական խմբեր, որոնք կհետևեն, օրինակ՝ ընտրացուցակներին և կկանխեն դրանցում տեղ գտած կեղծիքները:

«Պետք չէ սպասել ընտրություններին, քանի որ դա կնշանակի, որ դու տանուլ ես տվել իշխանությունը»,- նշեց Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ շատ երկրներ ունեն ընտրակեղծիքների կանխման «շտեմարաններ», որոնց հինգ տոկոսն էլ մենք չեն օգտագործում: Մենք պետք է օգտագործենք միջազգային փորձը՝ համոզված է իրավապաշտպանը:

Լ.Ալավերդյանը կարծում է, որ ընտրական օրենսդրության բարելավումը մարդկանց պաշտպանվելու հնարավորություններն ու մեխանիզմներն է ավելացնում. «Իսկ իշխանությունը միշտ գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ ինչքան զարգացած օրենք, այնքան զարգացած կեղծիք: Դրա համար անում են ամեն հնարավոր բան, որ թույլ չտան օրենքի այնպիսի փոփոխություններ, որոնք կբերեն արմատական բարեփոխումների»։

Ընտրակաշառքների միջոցով իշխանության գալը Լարիսա Ալավերդյանը համարում է իշխանության ամբողջական կամ մասնակի զավթում, որն արգելված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով:

Նա չի ընդունում կուսակցության կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը. «Դա նշանակում է պղծել, կեղծել մարդու գիտակցությունը: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պիտի կուսակցությունն ընտրություններից առաջ բարեգործական հիմունքներով առողջապահական ծրագրեր իրականացնի»:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am