Բողոքի ակցիա. կառավարության շենքից՝ ոստիկանություն (վիդեո)

Հոկտեմբերի 20-ին Կառավարության շենքի առաջ «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները հրմշտել են ցուցարարներին, իսկ  ակտիվիստ Վարդգես Գասպարին բերման  է ենթարկվել ոստիկանական բաժանմունք:

«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատների հետ պահանջում են քայլեր ձեռնարկել բանակում տիրող իրադրությունը շտկելու ուղղությամբ և  արդեն տեղի ունեցած դեպքերի ճիշտ ու արդար քննութուն իրականացնել և պատժել մեղավորներին:

Նախաձեռնող խմբի 6 անդամներ այսօր հանցագործության մասին հաղորդում են տվել.  « Այսօր բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին և ընթանում էր խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները և, հրելով նրանց' խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը: Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ' հրելով նրան և վնասել ցուցապաստառը: Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ' սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով' ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել և տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները և ոստիկաններ»:

Խմբի անդամները գտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար:

Նախաձեռնող խմբի ակցիաները շարունակական բնույթ են կրում, հոկտեմբերի 14-ին նրանք ՀՀ նախագահի նստավայրի առաջ պահանջում էին գլխավոր հրամանատարի հրաժարականը:

Աղբյուրը՝ www.hra.am