Զինվորին հոգեկան խանգարման հասցնելու համար ձերբակալվել է 2 հոգի՝ սերժանտ և շարքային

Զինծառայող Ժորա Մկրտչյանին սուր փսիխոզի հասցնելու համար ձերբակալվել են երկու  զինծառայողներ՝  սերժանտ Վաչիկ Գրիգորյանը և շարքային Մովսես Բադալյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք էր տեղափոխվել զինծառայող Ժորա Մկրտչյանը: Այս փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսօր որպես կասկածյալներ ձերբակալվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ:

Սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ)

Իսկ շարքային Մովսես Աշոտի Բադալյանին՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):

Ժորա Մկրտչյանի առողջական վիճակի վերաբերյալ դեռևս  դատաբժշկական եզրակացություն չկա:

«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:

Աղբյուրը՝ www.hra.am