4 ամիս անց դեռ բացահայտված չեն զինվոր Տիգրան Համբարձումյանի մահվան հանգամանքները

Հունիսի 28-ին Կապանի զորամասերից մեկին հարակից անտառում հոշոտված դեմքով հայտնաբերված 19-ամյա զինծառայող Տիգրան Համբարձումյանի գործով կասկածյալներ և ձերբակալվածներ չկան: Դեպքից անցել է 4 ամիս, բայց դեռ բացահայտված չեն նրա մահվան հանգամանքները:

ՊՆ քննչական ծառայությունից www.hra.am -ին տեղեկացրեցին, որ տուժողի իրավահաջորդը ծանոթացել է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին և պահանջել է կրկնակի փորձաքննություն: Հոկտեմբերին նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն:

Հիշեցնենք, որ Տ.Համբարձումյանի դին գտել էին հունիսի 29-ին զորամասից մոտ 50 մետր հեռավորության վրա' անտառում: Նրա դեմքի և պարանոցի մաշկը պոկված է եղել:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն' Տիգրանի դիակի մոտ հայտնաբերվել է ածելի, իսկ նրա ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք՝ 7-8 սմ երկարությամբ, 1,5-2 սմ խորությամբ:

Տիգրանի ծնողներին ասել են, թե կենդանի է հոշոտել դին, սակայն Տիգրանի հայրը համոզված է, որ իր որդուն սպանել են և ուզում են գործը կոծկել:

Քրեական գործ է հարուցված օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար, սակայն մինչև այսօր պարզ չեն մահվան հանգամանքները:

Աղբյուրը' www.hra.am