NON-GOVERNMENTAL ORGANIZATION
SOS Սևան. կառավարությունը չի ընդունո՞ւմ բնապահպանների ահազանգը

Մինչ բնապահպաններն ահազանգում են Սևանա լճի անմխիթար վիճակի մասին՝ նշելով ճահճացման, աղտոտման խնդիրները, պետական պաշտոնյաները հավաստիացնում են, որ ամեն ինչ կարգին է. «Վերջին 40 տարվա ընթացում առաջին անգամ ջրի թափանցելիությունը հասնում է 6-11 մետրի»:
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը: Նիստի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկություններ է ներկայացրել Սևանա լճի մաքրման աշխատանքների մասին' նշելով, որ այս տարվա մաքրման ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի մինչև դեկտեմբերի կեսերը: Նախարարը հավաստիացրել է, որ ներկրված տեխնիկան ծառայում է նպատակին, և ջրի մեջ կատարվում են անհրաժեշտ մաքրման աշխատանքներ:
Խորհրդի նախագահ, տարածքային ինքնակառավարման նախարար Արմեն Գևորգյանը նույնպես նկատել է, որ 2011թ. համար ծրագրված մաքրման աշխատանքները նախատեսված ծավալով իրականացվում են, սակայն մաքրման ենթակա տարածքներն ավելի մեծ են, և նախատեսված միջոցները բավարար չեն դրանց ամբողջական մաքրման համար: Ուստի, ըստ նրա, կատարվածը պետք է գնահատել և մտածել ավելի մեծ ծավալի աշխատանքների իրականացման հնարավորությունների մասին:
Խորհրդի անդամ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը փաստել է, որ բավականին աշխատանք կատարվել է: Ըստ նրա' կատարված հետազոտությունների արդյունքներով՝ վերջին 40 տարվա ընթացում առաջին անգամ ջրի թափանցելիությունը հասնում է 6-11 մետրի:
Չնայած պետական պաշտոնյաները նշում են լճի մաքրման աշխատանքների մասին, բնապահպանները պահանջում են Սևանի փրկության հարցը դարձնել օրակարգային, ինչի համար ստեղծվել է «SOS Սևան» նախաձեռնող խումբը:
Աղբյուրը՝ www.hra.am
