NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իրավապաշտպանները պահանջում են իրենց խոսքի իրավունք տալ հեռուստաեթերով

Իրավապաշտպանները պնդում են, որ հեռուստաեթերով իրենց դեմ հեռարձակվող հաղորդումների նպատակն է բանակը թողնել ներկայիս վիճակում, այսինքն թույլատրել, որ այնտեղ տիրի անարխիա ու շարունակվեն սպանությունները:
Նրանք չեն հասկանում, թե ինչպես կարելի է լռել մեկ շաբաթվա մեջ տեղի ունեցած 3 սպանությունների մասին, իրենց խոսելու իրավունք չտալ և հայտարարել եթերով, թե իրենք հակազգային գործունեություն են ծավալում:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյաը, վերլուծելով հանրային հեռուստաընկերության վերջին շրջանի հաղորդումները, հասկացել է, որ պետական մարմինները կարդում են օրենքները ու մեկնաբանում այնպես, ինչպես իրենք են ուզում.
«Այն, որ ՀՀ քաղաքացիները օրենքով ու միջազգային պայմանագրերով ունեն հավաքներ անցկացնելու ազատություն դա գաղտնիք չէ: Այն կարող է սահմանափակվել ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության ու հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման ու հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքենրի և ազատությունների պաշտպանությունը խանգարելու դեպքում»,- ևս մեկ անգամ օրենք է հիշեցնում Ավագյանը:
Ոստիկանապետի այն ելույթից, որ հաջորդ հինգշաբթի նա միգուցե թույլ տա, որ անցկացվի հանրահավաք ՀՀ կառավարության շենքի առջև, նա հասկանում է, որ ամեն շաբաթ ոստիկանապետը կարող է տարբեր բաներ որոշել, այն դեպքում, երբ ոստիկանի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի, որ ցուցարարը իմանա, թե իր որ գործողության դեպքում ոստիկանը կարող է որևիցե գործողություն կիրառել:
«Քանի դեռ ոստիկանության բաժանմունքներում բռնությունները, խոշտանգումները, ապօրինի խուզարկությունը, ձերբակալություններն ու սպանության դեպքերը և դրանց անպատիժ մնալը կա, դա հիմք է տալիս մեզ որակել ոստիկանապետի գործունեությունը որպես խուլիգանություն»,- հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
2007թ. Վարդենիսի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, վիրավորված է ոստիկանապետի հայտարարությունից ու ասում է, որ առաջինն իրենց են վիրավորել պաշտոնական բոլոր կառույցներում՝ չբացահայտելով իրենց որդիների մահվան պատճառները ու չպատժելով մեղավորներին, իսկ հիմա բողոքում են, թե իրենց վիրավորում են:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ իր գործունեությունն էլ են խոչընդոտում. «Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 17-ին Ա1-ի կազմակերպած քննարկումից, որտեղ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ մայոր Արմեն Հարությունյանը հայտարարեց, թե ես եմ հորը հայտնել Եղնիկներ զորամասում որդու նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին, այն դեպքում, երբ տեղեկությունը հոկտեմբերի 9-ին տարածել է www.henaran.am կայքը' իր հրապարակմամբ, ինչը քննարկման նյութ դարձավ մամուլում և սոցիալական ցանցերում»:
Ալեքսանյանը հերքել է այդ տեղեկությունը, այժմ էլ մեկ այլ գործով հարցաքննության են կանչել իրենց ՀԿ-ի անդամ, լրագրող Սյուզան Սիմոնյանին:
Իրավապաշտպանները հայտնեցին, որ եթե կառավարության շենքի մուտքը փակեն, բողոքի ակցիաներ կշարունակեն անել այլ պետական շենքերի առջև:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
