NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նստացույց և ստորագրահավաք Թռչկանի մոտ ՀԷԿ-ի կառուցման դեմ

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» ֆեյսբուքյան խումբը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման: Ջրվեժի պաշտպանները ՀՀ կառավարությունից պահանջում են արգելել Չիչխան գետի վրա փոքր ՀԷԿ-ի շինարարությունը, որով «կխաթարվի ՀՀ բնության հուշարձան համարվող Թռչկան ջրվեժի բնաստեղծ տեսքը»:
Միաժամանակ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խումբը շուրջօրյա հերթապահություն է սահմանել ջրվեժի մոտ՝ արգելելու Թռչկանի մոտ իրականացվող շինարարական աշխատանքները:
«Կոչով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր դեռևս պարզապես հետևում են մեր պայքարին. մի՛ վախեցեք, միացե՛ք մեզ, սա անհատի կամ խմբակի պայքար չէ, սա պետք է ընդհանուրի պայքարը դառնա, քանի որ ոչնչացման վտանգի տակ է ՀՀ ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժը»,- գրված է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թռչկանի վրա փոքր ՀԷԿ կառուցելու համար լիցենիզա է տրամադրվել «Ռոբշին» ընկերությանը: Սակայն Հայաստանի բնապահպանները կարծում են, որ ՀԷԿ-ի կառուցումը կփոխի գետի հունը և զգալի վնաս կհասցնի ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը:
Բացի այդ, բնապահպանները պահանջում են, որ ՀԷԿ-ի կառուցման համար նոր փորձաքննություն անցկացվի: 2010թ հունիսին կատարված փորձագիտական եզրակացության մեջ գրված է, որ «շինարարական աշխատանքները թույլատրելի են, քանի որ տարածքում չկան պատմամշակութային հուշարձաններ», այսինքն՝ Թռչկանը, որպես բնության հուշարձան չի դիտարկվել:
Հոկտեմբերի 29-ին և 31-ին նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ նստացույցի մասնակիցներին աջակցելու նպատակով:
Լուսանկարը՝ Էդգար Մարուքյանի
Աղբյուրը՝ www.hra.am
