Դատարանը դեռ կքննարկի փոխե՞լ Ավետարանի հավատքի հովվի խափանման միջոցը, թե՞ ոչ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի տեղական միավորի հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի լսումը:

Հոգևոր հովիվը բողոքարկել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հուլիսի 13-ին կայացրած վճիռը, որով իրեն մեղավոր են ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մեջ։

Հոկտեմբերի 28-ի նիստի ժամանակ Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Անահիտ Սաղաթելյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Եվա Դարբինյանին, որը մերժվեց:

Պաշտպան Ռոբերտ Ռևազյանը միջնորդեց դատարանին, որպեզի Վ.Բաղդասարյանի նկատմամբ նշանակված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվի:

«Ես նշեցի, որ իմ պաշտպանյալը պարտաճանաչ ներկայացել է բոլոր դատական նիստերին և նախաքննության ընթացքում՝ նույնպես պատշաճ վարքագիծ է դրսևորել, և հիմք չկա նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու: Դատավորը նշեց, որ եթե այդպես չլիներ, նրա նկատմամբ այլ խափանման միջոց կընտրվեր: Սա արդեն ցույց է տալիս դատավորի կանխակալ վերաբերմունքն իմ պաշտպանյալի նկատմամբ»,- www.hra.am -ին ասաց Ռևազյանը: Այս միջնորդության քննարկումը հետաձգվել է, ինչը պաշտպանը համարում է Վլադիմիր Բաղդասարյանի իրավունքների ոտնահարում:

Պաշտպան Անահիտ Սաղաթելյանը ներկայացրել է պաշտպանական ճառի մի մասը, նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 17-ը՝ ժամը 11-ը:

Աղբյուրը՝ www.hra.am