Հետախուզվում է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ոստիկանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ հետախուզվում է միջնորդի միջոցով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանը:

Նոյեմբերի 5-ին նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափով կաշառք տալու) և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (կաշառք տալու փորձի) հատկանիշներով:

Գործը հարուցվել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա: Միհրան Քեշիշյանը մեղադրվում է քաղաքացի Ք.Ա-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար միջնորդի միջոցով 13.000 դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ: 

Ըստ ոստիկանության՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ- ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ Էրեբունու քննչական բաժնում իրականացվող քննությունը դադարեցնելու նպատակով երկու քաղաքացիներ դիմել են ՀՀ ոստիկանության շտաբի բարեփոխումների մշակման և ծրագրերի համակարգման բաժնի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին, նա էլ ՝ ոստիկանության էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին։ 

Քեշիշյանի պահանջով քաղաքացիները Կ. Խաչատրյանին տվել են 13 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որից վերջինս հազար դոլար վերցրել է իր ծառայությունների դիմաց, իսկ մնացածը տվել է Միհրան Քեշիշյանին։ Կարեն Խաչատրյանը հարցաքննության ժամանակ ընդունել է գումարը վերցնելու և Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը:

ՀՔԾ-ն տեղեկացնում է նաև, որ Միհրան Քեշիշյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը՝ www.hra.am