NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աշխատանքից ազատված տնօրենը դատի է տվել «168 ժամին» և ԿԳ նախարարին

«168 ժամ» թերթի էջերում հայտնված մայր ու որդին դատի են տվել թերթին՝ մեղադրելով վերջինիս իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու մեջ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 8-ին քննվեցին Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանի և նրա անչափահաս որդու՝ Տիգրան Տերտերյանի հայցերն ընդդեմ «168 ժամ» օրաթերթի:
Մայիսի 26-ին հրապարակվել է «Տնօրենը ԿԳՆ-ին դատի է տվել» վերնագրով հոդվածը, որտեղ տնօրենը վիրավորական է համարում իր հասցեին արված՝ «դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծած» և «աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող» արտահայտությունները:
Տնօրենի որդին՝ Տիգրան Տերտերյանը (ներկայացուցիչ` Համլետ Տերտերյան) առանձին հայց է ներկայացրել՝ նշելով, որ թերթն իրեն զրպարտել է՝ գրելով, որ ինքը հրդեհել է դպրոցի արխիվային փաստաթղթերը: Լրագրողն այդ մասին գրել էր՝ հղում անելով «Էջմիածնի բնակիչներին»:
Մայր ու որդի պահանջում են հերքել հրապարակած տվյալները և թերթից ու լրագրող Մարինե Մարտիրոսյանից բռնագանձել 2-ական միլիոն դրամ իրենց իրավունքները խախտելու համար:
«168 ժամի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ երեկվա դատական նիստի ժամանակ թերթի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը դատարանին ներկայացրել է իր ապացույցները՝ լրագրողի արած ձայնագրությունները, դպրոցի աշակերտները, ծնողները և Էջմիածնի բնակիչների նամակները:Պատասխանող կողմը առաջարկել է նաև դատարան հրավիրել լրատվության աղբյուրներին:
Հայցվորը միջնորդել է նիստը հետաձգել՝ ձայնագրություններին ծանոթանալու համար: Դատարանը միջնորդությունը բավարարել է:
Ըստ հաղորդագրության՝ նիստին հաջորդել է տնօրենի որդու՝ Տիգրան Տերտերյանի հայցի լսումը: «168 ժամի» փաստաբանը դատարանին է ներկայացրել այն ձայնագրությունը, որտեղ պատմվում է փաստաթղթերը հրդեհելու մասին և միջնորդել աղբյուրին կանչել դատարան:
Այս դեպքում ևս հայցվորը ժամանակ է խնդրել ձայնագրությանը ծանոթանալու համար: Դատարանը բավարարել է հայցվոր կողմի միջնորդությունները նիստը հետաձգելու և վկաներին դատարան հրավիրելու միջնորդությունը հաջորդ նիստին քննելու մասին:
Հաջորդ դատական նիստերը նշանակվել են նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին և 12:00-ին:
Նշենք, որ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում տիրող բարքերի մասին «168 ժամ» օրաթերթի առաջին հրապարակումից հետո Արմավիրի մարզի դատախազի ցուցումով քրեական գործ է հարուցվել Սուսան Նազարյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով:
Դրան հաջորդել է ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի կողմից տրված կարգապահական տույժը' պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ապրիլի 30-ին ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են տնօրենի պաշտոնում Նազարյանի լիազորությունները: Նախկին տնօրենը դատարան է դիմել՝ վիճարկելու ԿԳ նախարարի հրամանը:
Աղբյուրը՝ www.hra.am
