NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՄԻԵԴ-ը գրանցել է Տիգրան Փոստանջյանի գործով ուղարկված գանգատը
Տիգրան Փոստանջյանի ձերբակալության և նրա նկատմամբ կիրառված կալանքի որոշումների դեմ փաստաբան Հայկ Ալումյանը գանգատ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Փաստաբանի տեղեկացմամբ՝ նախնական գանգատն արդեն գրանցվել է, և մինչև ամսվա վերջ իրենք պետք է ուղարկեն ամբողջական գանգատը:
Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանը մեղադրվում էր ապօրինի վարձատրություն ստանալու մեջ։ 2011թ. հունիսի 3-ին նա համաներման ակտի հիման վրա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Տիգրան Փոստանջյանի քույրը՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և փաստաբան Հայկ Ալումյանը բազմիցս բողոքներ են ներկայացրել, որ Ազգային անվտանգության ծառայության գործողությունները չեն բխում քրեական դատավորության օրենսգրքից: Նրանք դատարանում վիճարկել են ձերբակալության և կալանավորման ողջ ընթացակարգը, սակայն սպառելով ՀՀ դատական բոլոր ատյանները, դիմել են ՄԻԵԴ:
«Տիգրան Փոստանջյանին ձերբակալելու և կալանավորելու որոշումը իրավապահ մարմինները մեկնաբանել էին այսպես, որ եթե չձերբակալեին Տիգրան Փոստանջյանին, ապա նա կարող էր խուսափել քրեական պատասխանատվությունից' փախչել, նոր հանցագործություն կատարել կամ ճնշումներ գործադրել վկաների վրա, որոնք բնակվում են նույն համայնքում: Մենք գտնում ենք, որ նման հիմքեր չկան. Տիգրան Փոստանջյանը փետրվարի 18-ից արդեն գիտեր, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, սակայն նման ոչ մի գործողության չի դիմել և ոչ մի հիմքեր չկան, որ հետագայում էլ հնարավոր է նման քայլերի դիմեր»,- ավելի վաղ www.hra.am -ին ասել էր փաստաբանը:
Փոստանջյանի գործով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ (համաներման կիրառմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և ազատ արձակել Տիգրան Փոստանջյանին) բողոքը ներկայումս գտնվում է ՀՀ Վերաքննիչ դատարանում:
Քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու պահանջով Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված երկու բողոք մերժվել են՝ սպառելով ՀՀ ներպետական բոլոր ատյանները: Իսկ տեղեկություններ հերքելու և պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով հայցը դեռ գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ռ.Ներսիսյան):
Աղբյուրը՝ www.hra.am
