Անչափահաս դատապարտյալների կրթությունն ու վերականգնումը պետք է դիտարկել որպես գերակա շահ

«Վերջին  տասնամյակում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել անչափահասների արդարադատության համակարգի բարելավման գործում։ Բանտարկության համար դատապարտված երեխաների տոկոսային թիվը, ինչպես նաև ուղղիչ հաստատություններում իրենց դատապարտումը կրող երեխաների թիվը նվազել է։

Այնուամենայնիվ, դեռևս առկա են օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների համար ոչ հստակ սահմանված քաղաքականություններ և ծրագրեր, որոնք թույլ կտային այդ երեխաներին վերաինտեգրվել իրենց համայնքներում և դառնալ լիիրավ քաղաքացիներ»,- նշեց Հենրիետ Արենսը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը, նոյեմբերի 23-ին՝ Հայաստանում անչափահասների  արդարադատության բարեփոխումներին նվիրված համաժողովի ընթացքում։

Համաժողովը նախաձեռնել էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային կազմակերպությունը խթանելու անչափահասների արդարադատության բարեփոխումները Հայաստանում և ապահովելու օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների իրավունքների իրացումն ու սոցիալական և վերականգնողական ծառայություններից օգտվելու հնարավորությունը։

«Այո, կան խնդիրներ. մենք էլ ենք կարծում, որ կան, և ձեր կառավարությունն էլ ընդունում է։ Բայց մենք բոլորս պատրաստակամ ենք ջանքեր թափել և բարելավել իրադրությունը»,- ասաց Օննո Սայմոնսը՝ Եվրոպական Միության ներկայացուցիչը։

Կառավարություն ասելով՝ այս դեպքում թերևս հասկանում ենք Արդարադատության նախարարություն, որը չէր կարևորել անչափահասների արդարադատության խնդիրները և  չէր ապահովել իր ներակայությունը։ Համաժողովին մասնակցելու հրավերն անտեսել էր ոչ միայն Արդարադատության նախարարությունը, այլ նաև Մարդու իրավուքների  պաշտպանի գրասենյակը։

ՀՀ դատական դեպարտամենտի ներակայացուցիչը, որպես ոլորտում բարեփոխումների օրինակ, նշեց մի քանի տարի առաջ անչափահասների վերաբերյալ գործեր քննող դատավորների վերապատրաստման հանգամանքը։ 2009թ. ՀՀ նախագահի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարաններում քրեական գործեր քննող մեկական դատավոր և Վերաքննիչ քրեական դատարանում մեկ դատակազմ մասնագիտացել են անչափահասների վերաբերյալ քրեական գործերով։ Սակայն ինչպես նշեց  փորձագետներից մեկը՝ հիմա դժվար է գտնել, թե այդ դատավորիներից ով որ դատարանում է աշխատում։

«Մենք դիտարկել ենք անչափահասների գործերով դատավարություններ և ոչ մի դեպքում չենք հանդիպել այնպիսի գործի, որը քննում է վերապատրաստված դատավոր»,- նշեց Տաթևիկ Ղարիբյանը՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի իրավաբանը։

«Դատավորների տեղափոխություններ հաճախ են լինում, և վստահաբար, այն ,որ նախատեսված էր ընդհանուր իրավասության յուրաքանչյուր դատարանում ունենալ անչափահասների գործերով մասնագիտացված դատավոր, չի գործել»,- ավելացրեց Միջազգային բանտային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը։

Անչափահասների արդարադատությունը կարգավորող ՀՀ օրենսդրության միջազգային չափորոշիչներին համապատասխանության վերլուծությունy մեկնաբանեց Տաթև Մանուչարյանը, ով խնդիրները բարձրաձայնելուց հետո, ներկայացրեց մի շարք առաջարկություններ։ Փորձագետներն առաջարկում են անչափահասների  մասնակցությամբ վարույթ իրականացվի միայն մասնագիտացված անձանց կողմից, հարցաքննության համար հարմարեցվեն հատուկ սենյակներ թե նախաքննությայն ընթացքում, թե դատարանում, դատական նիստերն ընթանան առանց ձգձգումների և այլն։ «Պետք է ազատազրկում կիրառել միայն բացառիկ դեպքերում, իսկ կրթությունն ու վերականգնումը ճանաչվեն գերակա շահ»,- նշեց Տ. Ղարիբյանը։

«Անչափահասների հետ, իրոք, պետք է կարողանանք աշխատել։ Ունենում ենք դեպքեր, որ սարսռում ենք բոլորս. վերջերս 9-ամյա մի երեխա վրաերթի էր ենթարկել սեփական պապիկին։ Մի կողմից երեխան մեծ շոկի մեջ է, մյուս կողմից պետք է քննություն ընթանա»,- նշեց Թաթուլ Պետրոսյանը՝ ՀՀ գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչը, ավելացնելով, որ հետաքրքրիր առաջարկներ հնչեցին, և արժե մտածել այդ ամենի ուղղությամբ։

Հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանն իր կողմից առաջարկեց արգելքներ սահմանել օրենքով, որպեսզի առանց պաշտպանի ոչ մի ցուցմունք չտան անչափահասները. «Ուշ է պաշտպան հրավիրվում։ Գալիս ես արդեն բանավոր կամ գրավոր ցուցմունք է տված լինում։ Կարծում եմ՝ նոր հայեցակարգում այս խնդրին պետք է լուծում տալ, պետք է օրենքով արգելվի»։

Համաժողովի ընթացքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ներակայացրեց «Անչափահասների գործերով արդարադատության ոլորտի ցուցանիշների չափման ուղեցույցը» հայերենով։ Այն մանրամասն ներկայացնում է միջազգայնորեն ընդունելի 15 ցուցանիշները, որոնք պետք է օգտագործել  անչափահասների գործերով արդարադատությունը դիտարկելիս։

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am