6 աշակերտներ հաղթեցին մարդու իրավունքների մասին գիտելիքներով

Վեց դպրոցականներ պարգևատրվեցին՝ հաղթող ճանաչվելով մարդու իրավունքների թեմայով մրցույթում. տեղեկացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

Երևանի ութ դպրոցների մոտ հիսուն աշակերտներ մասնակցել են ինտերակտիվ խաղի, որի նպատակն էր պետական ​​կրթական ծրագրի միջոցով բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկությունը: Խաղը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբ» ՀԿ-ն:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը խրախուսեց երիտասարդներին ընդլայնել իրենց գիտելիքները մարդու իրավունքների մասին. «Կարևոր է, որ մարդու իրավունքների մասին ուսուցումն արդեն ընդգրկված է Հայաստանի դպրոցների ուսումնական ծրագրում: Մարդու իրավունքների կրթությունը մասնավորապես անդրադառնում է սոցիալական այն նպատակներին և գաղափարներին, որոնք կարևորում են բոլոր մարդկանց արժանապատվությունը և ուղղակիորեն նպաստում ազատության, խաղաղության և արդարության վրա հիմնված հասարակության կայացմանը», - դիմելով աշակերտներին' նա հավելեց. «Հուսով ենք, որ այսօրվա նախաձեռնությունը կոգեշնչի ձեզ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու մարդու իրավունքների մասին' խթանելու ժողովրդավարությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»:

Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ, իսկ հաղթող թիմը պարգևատրվեց էլեկտրոնային գրքերով և գավաթներով:

«Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբ» ՀԿ-ի նախագահ Եվա Մախմուրյանը հավելեց. «Սա գերազանց հնարավորություն էր խրախուսելու ինտերակտիվ ուսուցումը կարևոր թեմայի շուրջ»:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ողջունեցին նախաձեռնությունը: Նախքան միջոցառումը' դպրոցականներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Սահմանադրական դատարան' ընդլայնելու իրենց գիտելիքները մարդու իրավունքների հաստատությունների և շրջանակների մասին:

Նախաձեռնությունը ԵԱՀԿ մարդու իրավունքների մասին իրազեկման խթանմանն ուղղված ջանքերի մաս է կազմում:

Աղբյուրը՝ www.hra.am