NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զինվորի վզի վրայի պարանի երկրորդ հետքը դատաբժիշկը վնասվածք չի համարել

Նոյեմբերի 25-ին Արաբկիր և Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Վալերի Մուրադյանի գործով դատական նիստը տևեց մի քանի րոպե: Նիստին չէր ներկայացել պատասխանող կողմը՝ ՀՀ պաշտապնության նախարարության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Թամրազյանը: Նա բացատրություն էր ուղարկել, ըստ որի՝ ծանրաբեռնված լինելու պատճառով չի կարող ներկայանալ նիստերին և խնդրում է իր բացակայությամբ քննել գործը:
Հայցվոր կողմը ժամանակ խնդրեց բացատրությանը ծանոթանալու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 2-ը 10:30-ը:
Հիշեցնենք, որ Վալերի Մուրադյանը 2010 թ. մարտի 14-ի լույլ 15-ի գիշերը կասկածելի հանգամանքներում մահացել է ԼՂՀ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: Նրան գտել են կախված վիճակում:
Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության դրդելու հատկանիշներով, սակայն տղայի մայրը՝ Նանա Մուրադյանը, պնդում է, որ իր որդուն սպանել են՝ «կանխամտածված, խմբակային, դաժանորեն»: «Իմ տղայի վզին պարանի երկու հետք կա: Նրան խեղդել են, հետո կախել, որ ինքնասպանություն որակեն: Իմ տղայի թևերին մատերի հետքեր կան, վզին մատի սեղմած տեղ կա, քթի, բերանի վրա սեղմած տեղեր կան: Այդ հետքերը խոսում են այն մասին, որ իրեն օգնել են, որ խեղդվի»,- ասում է մայրը՝ ավելացնելով, որ Վալերին չէր կարող ծնկները ծալված կախվել:
Վալերի Մուրադյանի մահվան փաստի վերաբերյալ քրեական գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում: Տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանը և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը դատարան են դիմել՝ ճանաչելու Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման փաստը (ՄԻԵԿ 2-րդ հոդված) և պետության պոզիտիվ պարտականությունների չկատարումը՝ զորամասում տիրող բարձիթողի վիճակի և արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ:
«Արդյունավետ հետաքննությունը ձախողվել է հենց պետական մարմնի գործելաոճի պատճառով: Երկրորդ քննիչի՝ Արմեն Թամրազյանի նշանակած փորձաքննությունների եզրակացություններում գրված է, որ ուշ նշանակելու պատճառով որոշակի հարցերի պատասխաններ չեն կարող հստակ տալ, որի պատճառով ձախողվել է մահվան իրական հանգամանքները պարզելու հավանականությունը: Դատարանը պետք է իրավական գնահատական տա ԼՂՀ քննչական վարչության քննիչ Արման Ապրեսյանի գործողություններին»,- ասում է Սեդա Սաֆարյանը:
Վալերի Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ նշված է, որ պարանի խորը ակոսին զուգահեռ կա նաև ժապավենաձև արյունազեղում: Սակայն, Նանա Մուրադյանի խոսքերով, այդ կարևոր վնասվածքը գրված չէ վնասվածքների մասում, այսինքն՝ դատաբժիշկը դա վնասվածք չի համարել:
Իր որդու մահվան մեջ մայրը մեղադրում է օրվա հերթապահ սպային, ով դեպքի օրը նույնիսկ անավանականչ չի արել՝ քննիչին պատճառաբանելով, որ այդ ժամին հեռաուստացույց է դիտել և մոռացել է: Իսկ սպանության պատճառը, նրա կարծիքով, կարող էր լինել «բենզինի գողությունը», որին երեքուկես ամսվա ծառայող Վալերին ականատես էր եղել մահվանից 4 օր առաջ:
Նանա Մուրադյանը մեղադրում է նաև քննիչ Արման Ապրեսյանին՝ գործը կեղծելու և դեռ քննություն չիրականացրած՝ դեպքն ինքնասպանություն որակելու համար: Մոր խոսքերով՝ դեպքի վայրում այլ զիվորների պատկանող իրեր են եղել՝ գոտի, բաճկոն, գլխարկ: Քննիչը չի կարողացել պարզել, թե դրանք ինչու են հայտնվել «ինքնասպանություն գործած» Վալերի Մուրադյանի կողքին:
Ի դեպ, այսօր կլրանար Վալերի Մուրադյանի ծառայության 2 տարին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
