NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՏԻՄ ընտրություններն անցել են օրենքի տառին համահունչ. Տիգրան Մուկուչյան

Փետրվարի 12-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են օրենքի տառին համահունչ: Այսօր լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներակայացնելով ընտրությունների նախնական արդյունքները:
Ընտրություններն անց են կացվել 39 համայնքներում, որից 37-ը՝ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ, 2-ը՝ արտահերթ: Նախնական տվյալներով 31 համայնքում հաղթել են «Հայաստանի հանրապետական կուսակցության» անդամ թեկնածուները, 6-ում՝ անկուսակցականներ, իսկ 2-ում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները։
Մինչ ընտրությունները ԿԸՀ-ն ստացել է 4 դիմում-բողոք, որոնք վերաբերել են Հրազդան համայնքին: Իսկ քվերակության օրվա վերաբերյալ որևէ դիմում ԿԸՀ-ն չի ստացել:
«Այն, որ քվեարկության օրվա ընթացքում չեն եղել դիմում բողոքներ և մինչ օրս նման դիմում-բողոքներ ներկայացված չեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ հենց խոսում է այն մասին, որ ընտրական գործընթացն ընթացել է Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին լիարժեք համապատասխան»,- հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքերով՝ ընտրատեղամասերում որևէ անձի (դիտորդ, լրագրող, հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ) իրավունքի սահմանափակման վերաբերյալ ակնարկ անգամ չի եղել:
ԿԸՀ նախագահը համացանցում տեղադրված ընտրակաշառքների վերաբերյալ նյութերին, որպես իրավաբան, լուրջ չի վերաբերվում: «Նյութերի ուսումնասիրության ընթացքում, անկեղծ ասած, ընտրակաշառքի վերաբերյալ միակ փաստական հանգամանքը, որ կարելի էր տեսնել, դա վերնագրում արտահայտված բառերն են»,- նշեց նա:
Մուկուչյանը հիշեցրեց, որ ընտրակաշառքը քրեորեն պատժելի հանցագործություն է և հանցագործ են թե՛ կաշառք տվողը, թե՛ վերցնողը և թե՛ միջնորդները:
«Որևէ անձի մեղադրելիս այդ հանցագործության մեջ պետք է հաշվի առնել նրա անմեղության կանխավարկածը և այդ մասին խոսելու համար առնվազն պետք են բավարար ապացույցներ: Նշված դեպքերից միայն մեկի վերաբերյալ է ներկայացվել հաղորդում և քննություն է իրականացվում՝ պարզելու հանգամանքները: Մնացած բոլոր դեպքերում հայտնի չեն ո՛չ տվողը, ո՛չ ստացողը և շատ անտրամաբանական և տարօրինակ է, որ բոլոր դատողություններն արվում են լսածի վրա»,- հավելեց նա:
ԿԸՀ նախագահն առանձին անդրադարձավ նաև Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրություններին, որտեղ արձանագրվել է 11 անճշտություն: Նա նշեց, որ նախնական տվյալներով Հրազդանում մասնակցությունը եղել է 58.04 տոկոս: Գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը հավաքել է 13.079 ձայն, իսկ նրա մրցակից ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը՝ 11.507 ձայն: Իսկ անճշտությունները, ըստ Մուկուչյանի, հիմնականում կապված են եղել հաշվարկների հետ:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
