NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նանա Մուրադյան. ոստիկանը ճմռթել է որդուս նկարը

Բանակում ծառայության ժամանակ մահացած Վալերի Մուրադյանի մոր՝ տիկին Նանայի հետ փետրվարի 23-ին ՀՀ նախագահի նստավայրի առջև միջադեպ է տեղի ունեցել։ Ոստիկաններից մեկը հրել է նրան ու ճմռթել որդու նկարը: Ոստիկանը հրաժարվել է ներկայանալ, ինչպես նաև հրաժարվել է իր մեղքը ընդունել՝ նշելով, որ իրեն զրպարտում են:
«Ես պահանջում եմ ոստիկանապետից, որ նա անհապաղ աշխատանքից հեռացնի այս ոստիկանին անհարգալից վերաբերմունքի համար»,- հայտարարեց Նանա Մուրադյանը:
Այսօր «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր հերթական երթ-բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի առջևից մինչև ՀՀ նախագահի նստավայր, որը նպատակ ուներ ևս մեկ անգամ ՀՀ նախագահին հիշեցնել, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան հանգամանքները կոծկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և Զինվորական դատախազության ջանքերով:
«Նախագահը շատ լավ տեղյակ է իրավիճակից, այնպես որ ինքն արդեն իսկ, ի պաշտոնե, պարտավոր է քայլեր ձեռնարկել։ Համարեք սա դիմում կամ պահանջ, որ դադարեցնեն գործերը ծածկադմբոց անել և կոնկրետ Արտակ Նազարյանի գործը դադարեցնեն Իջևանում քննել ու փոխեն դատավորին, քանի որ նա ցույց է տվել, որ մեղադրող դատախազի կարծիքից բացի ուրիշ կարծիք հաշվի չեն առնում»,- ասում է բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորական Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը:
Բողոքի ակցիային էր մասնակցում նաև այժմ Հրազդանի ռազմական ոստիկանությունում գտնվող Սուրեն Կիրակոսյանի մայրը։ Մոր պնդմամբ՝ Սուրենն աղիներում ասկարիդներ ունի, մի երիկամը չի աշխատում, բրոնխներում խնդիրներ ունի, ուսի խալը մեծացել է ու ճաքեր տվել:
«Նրան պետք է վիրահատեին, բայց տղաս չի համաձայնվել, քանի որ ասել են՝ հնարավոր է մահանա։ Ու դրանից հետո նորից դարձրել են շարային ու վերադարձրել զորամաս: Մենք խնդրեցինք, որ ինքն արձակուրդ վերցնի, որ մենք տանենք բժիշկների մոտ, որից հետո ես խնդրեցի, որ թողեն գոնե ես բուժեմ։ Բայց երեկ Աբովյանի ռազմական ոստիկանությունից 15 հոգի ինձ ծեծել են՝ատամս են վնասել, ձեռքս, եղբորս տղային շպրտեցին, կնոջը ևս, իմ տղաս դիմադրություն ցույց չի տվել ու հանձնվել է»,- ասում է Կիրակոսյանի մայրը:
Նա համոզված է, որ տարբեր հիվանդություններով տառապող զինվորները մահանում են բանակում, քանի որ բուժում չեն ստանում ու ծնողներին էլ չեն թողնում դրանով զբաղվել:
ՀՀ նախագահական նստավայրից ոչ մեկ դուրս չեկավ բանակում մահացած զինծառայողների ծնողներին ընդառաջ:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
