NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Նիստն անհարկի հետաձգվեց». Նարինե Ռշտունի
Էրեբունի
և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին
ատյանի դատարանը մարտի 6-ին նորից սկսեց քննել ցմահ
դատապարտյալ Արսեն Արծրունու գործը, քանի
որ 2011 թ. դեկտեմբերին ՀՀ վճռաբեկ դատարանը
բավարարել էր Արծրունու փաստաբանի բողոքը
ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման
դեմ, ու գործը հետ էր ուղարկել առաջին
ատյանի դատարան:
Արդեն 17 տարի
անազատության մեջ գտնվող Արծրունին
մեղադրվել է երկու տարբեր սպանություններ
դրդելու մեջ։ 2011 թ. ՀՀ քրեական օրենսգրքում
կատարված փոփոխություններից հետո այս
հանցագործության համար նախատեսվում է
15 տարի ազատազրկում և ոչ ցմահ դատապարտում:
2011 թ. մայիսին
ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների
հետևանքով 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ
կետը ուժը կորցրած ճանաչելուց հետո, Արսեն
Արծրունու գործողությունները պետք է
վերաորակվեին ՀՀ քրեական օրենսգրքի 38 և
104 հոդվածի 1-ին մասով, որի հիման վրա
Արծրունին պետք է ազատ արձակվեր։ Բայց
2006 թ. գործի վերանայման ընթացքում դատարանի
կողմից թույլ տված սխալի պատճառով դա
մինչև այսօր չի արվել:
2006 թ. Երևան
քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքի
առաջին ատյանի դատարանը, վերանայելով
դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու
վերաբերյալ դատավճիռը, շփոթել է նրան մեկ
այլ դատապարտյալի՝ Ռոբերտ Սահակյանի
գործի հետ, ում գործը քննվել է միաժամանակ
նույն դատարանում:
Այսինքն՝
Արծրունին այժմ պատիժ է կրում մի
հանցագործության համար, որն ինքը չի
կատարել և որի համար չի դատապարտվել ՀՀ
գերագույն դատարանի դատավճռով:
Այսօր՝ մարտի
6-ին, Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունու
կարծիքով՝ դատարանի ձեռքի տակ կային բոլոր
անհրաժեշտ փաստաթղթերը, բայց դատավոր
Գրիգորյանը նիստը հետաձգեց մինչև մարտի
24-ը՝ ժամը 12:00: Նա պատճառաբանեց, որ «մայր»
գործը դեռ չեն ստացել ու իրենց ձեռքի տակ
գտնվող փաստաթղթերն էլ վատ պատճենահանման
պատճառով ընթեռնելի չեն:
Դատավորը միայն
որոշեց երկու գործերը մեկ վարույթում
քննել, ինչը Ռշտունու կարծիքով դրական
որոշում էր ու կարող է գործի քննությունն
արագացնել: Սակայն փաստաբանը չհասկացավ,
թե ինչու դրանից հետո դատավորը հետաձգեց
նիստը:
«Մայր գործը
չկա, բայց այն կոնկրետ դատական այս վեճի
համար էական նշանակություն չունի, քանի
որ կա դրանից հետո կայացված դատավճիռ:
Դատավճռի օրինակն էլ ասացին, որ վատ
ընթեռնելի է, բայց դատն անցկացվում էր
Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում,
ուստի կարող էին 10 րոպեի ընթացքում բերել
Արծրունու անձնական գործը, որտեղի օրինակը, բնականաբար, ընթեռնելի է»,- ասում է
փաստաբանը:
Ռշտունին
կարծում է, որ դատարանն անհարկի հետաձգեց
նիստը:
