Հեռուստաեթերը հավասար հնարավորություններ չի ապահովում կուսակցությունների համար

Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) մոնիտորինգ է իրականացնում՝ պարզելու արդյոք Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցները նախընտրական քարոզչության շրջանում հավասարակշռված են աշխատում:

Այսօր ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեց 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարված մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները:

Նա նշեց, որ այս մշտադիտարկման արդյունքները գրեթե ոչնչով չեն տարբերվում նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ արված դիտարկման արդյունքներից, այսինքն՝ լուրջ առաջընթաց չկա:

Որպես խնդիր Նավասարդյանն առանձնացնում է պաշտոնական քարոզարշավին նախորդող շրջանում իրականացվող քարոզչության օրենսդրական և պրակտիկ կարգավորման բացակայությունը:

«Պաշտոնական նախընտրական քարոզարշավը տևում է ընդամենը 4 շաբաթ է և այս տարի մեկնարկելու է ապրիլի 8-ից, բայց իրականում նախընտրական պայքարը սկսվում է շատ ավելի վաղ և կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կուսակցությունները ստանան եթերից օգտվելու հավասար հնարավորություններ»,- ասաց ԵՄԱ նախագահը:

Մյուս խնդիրը կուսակցությունների հասցեին լավ կամ վատ գնահատականներ պարունակող նյութերի մեծ քանակն է: «Հանրային ռադիոյում գնահատականներ պարունակող նյութերը կազմում են 1,3 տոկոս: Հեռուստաընկերություններից ամենաբալանսավորված լուսաբանումը «Երկիր մեդիան» է իրականացնում՝ 2,7 %: Միևնույն ժամանակ մենք ունենք 28 % գնահատողական նյութեր պարունակող հեռուստաընկերություն՝ «Շանթը»,- նշում է Բորիս Նավասարդյանը՝ կարծիք հայտնելով, որ ԶԼՄ-ները ցանկության դեպքում կարող են ավելի չեզոք, հավասարակշռված և անկողմնակալ լուսաբանել:

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ 8 լրատվամիջոցներն ավելի շատ անդրադարձել են խորհրդարանական հինգ կուսակցությունների և Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը, թեև ընտրություններին առաջադրվող կուսակցությունների թիվն ավելի մեծ է:

Դիտարկված 6 հեոուստաալիքներում լուսաբանման առումով առավելություն ունի ՀՀԿ-ն, մեկական ալիքներում` ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: «Փաստորեն, այն քաղաքական ուժերը, որոնք ազդեցություն ունեն հեռուստաընկերությունների վրա, ստանում են առավելություն, իսկ մյուսների հնարավորությունները քիչ են»,- նշում է Նավասարդյանը:

Նրա խոսքերով՝ այս տարի առաջին անգամ նախընտրական քարոզարշավի մոնիտորինգ է իրականացնելու նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ ՀՌԱՀ-ը: «Նախորդ տարիներին, երբ մենք բարձրաձայնում էինք խախտումների մասին և ասում, որ դրանք պետք է կանխել, ՀՌԱՀ-ը ասում էր, որ իրենք մոնիտորինգ չեն իրականացնում և չեն կարող հենվել ուրիշների տվյալների վրա»,- ասում է ԵՄԱ նախագահը՝ հույս հայտնելով, որ ՀՌԱՀ մոնիտորինգն ինչ-որ արդյունք կտա:

Հիշեցնենք, որ մշտադիտարկվել են 7 հեռուստաընկերություններ (Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ» և «Շողակաթ» հեռուստաալիքները) և մեկ ռադիո՝ Հայաստանի հանրային ռադիոն: Դիտարկումը կատարվել է ժամը 18:00-ից 01:00-ը, մեծ ուշադրություն է դարձվել լրատվական ծրագրերի հիմնական թողարկումներին և քաղաքական-վերլուծական կամ բանավեճային հաղորդումներին:

Երևանի մամուլի ակումբը շարունակելու է մշտադիտարկում իրականացնել, և Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ այսուհետ 10 օրը մեկ հասարակությանն է ներկայացնելու մոնիտորինգի արդյունքները: