Փախստականներն ինտեգրվելու խնդիր ունեն

Դարբնիկ գյուղի բնակչուհի, տասնիննամյա փախստական Մաքրուհի Տեր- Դավիդյանը, 7 տարի առաջ Իրաքից հայրենիք գաղթելով, մոռացել է, թե ինչ է նշանակում սովորել, աշխատել, հաճախել գեղեցկության սրահ, գնալ տարբեր դասընթացների, թատրոն:

Այս գյուղում բնակվող 800 փախստականները Տեր-Դավիդյանի նման Երևան գնում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բժշկական ծառայություններից օգտվելու համար գնում են մոտակա Հայանիստ գյուղը:

Դարբնիկ գյուղը գտնվում է Արարատի մարզում՝ Երևանից 18 կմ հեռավորության վրա, որտեղից Երևան հասնելու համար գործում է մեկ ավտոբուս: Այն աշխատում է ժամը մեկ ու Երևան է հասնում մեկ ու կես ժամում: Ամենաուշը վերադառնում երեկոյան ժամը 7-ին: Աշնան ու ձմռան ամիսներին ավտոբուսին հասնելը գրեթե անհնար է բնակիչների խոսքով, քանի որ ճանապարհները անսարք վիճակում են՝ կամ ցեխոտ են, կամ սառցապատ: Իսկ տաքսիով գնալ գալն ամենաքիչը 6000 դրամ է արժենում:

«Մենք Իրաքում ներգրավված ենք եղել ամեն ինչի մեջ Իրաքում, իսկ այս վերջին տարիներին, չնայած տարիքիս, արդեն տանտիկին եմ ինձ զգում ինձ ու արդեն չեմ էլ հիշում՝ երբ եմ վերջին անգամ գոնե մի հետաքրքիր տեղ գնացել իմ տարեկիցների հետ»,- www.hra.am –ին ասում է Տեր–Դավիդյանը, ով հնարավորության դեպքում պատրաստ է նորից հետ մեկնել Իրաք:

Ասում է, որ Իրաքում վտանգավոր է, բայց, երբ տեսնում է՝ ինչպես է հիվանդ մայրը աչքի առաջ տանջվում դեղերի բացակայության պատճառով, էլ ոչ մի վտանգի մասին չի մտածում:
Դարբնիկի գյուղապետի տեղակալ Էդգար Ավետիսյանի կարծիքով՝ փախստականներն իզուր են բողոքում, քանի որ իրենց մոտ ամեն ինչ էլ լավ է, շուտով բժշկական ամբուլատորիա կունենան ու մի քանի այլ կառույցներ էլ են վերակառուցում:

2011թ. Ազգային վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում ապրում են 2959 փախստականներ, որոնց 51%-ըկանայքեն՝ 1510 անձ: Նրանք հիմնականում բնակվում են Երևան քաղաքում, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում:

«Որ իրենց հետ խոսում ես, զգում ես, որ թեև այսքան տարի է Հայաստանում են՝ ոմանք 20 տարուց ավելի, ոմանք 7, բայց ոնց որ նոր գաղթած լինեն ու դեռ ինտեգրված չեն»,- ասում է Կանանց ռեսուրսային կենտրոնի փախստականների ծրագիրը համակարգող Տաթևիկ Աղաբեկյանը: