ՀԱԿ-ը վերլուծեց անցած 4 տարիները

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը մարտի 30–ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վերջին 4 տարիների ընթացքում խաղաղ պայմաններում զոհվել է ավելի քան 200 զինծառայող, որոնց մեծ մասը՝ բանակում տիրող արատավոր բարքերի և ոչ-կանոնադրային հարաբերությունների պատճառով: Սա մեկն էր այն տասնյակ խնդիրներից, որոնց մասին բարձրաձայնեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը՝ վերլուծելով վերջին 4 տարիները։

«Քաղաքացիական օրենսգրքում 2010թ. կատարված փոփոխություններից հետո լրատվամիջոցների և անհատ լրագրողների նկատմամբ հարուցվել է մոտ մեկ տասնյակ դատական գործ: Պատգամավորների 58%-ը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Բյուջետային հիմնարկների հարյուրավոր աշխատակիցներ, ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, հեռացվել են աշխատանքից»,- համոզված է Տեր-Պետրոսյանը:

Արտագաղթի վնասները նվազեցնելու և ժողովրդագրական վիճակը քիչ թե շատ բարելավելու նպատակով Տեր-Պետրոսյանն առաջարկում է երեխաների ծննդյան միանվագ նպաստը սահմանել 500.000 դրամ, երրորդ երեխայից սկսած՝ մայրերին վճարել 1 մլն, իսկ հինգերորդից սկսած՝ 1.5 մլն դրամ, ինչպես նաև՝ 30%-ով երկարացնել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը։

«Պետք է արմատական փոփոխությունների ենթարկել «Ընտրական օրենսգիրքը»՝ նրանում մասնավորապես ամրագրելով հետևյալ դրույթները. ընտրացուցակների բեռնաթափումը երկրից մշտապես բացակա շուրջ 500.000 քաղաքացիների անուններից, բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների փոխարինումը պետության կողմից ձևավորված հանձնաժողովներով, խորհրդարանական ընտրություններում ամբողջովին համամասնական ընտրակարգի կիրառումը, քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը, ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակայնության ապահովումը և այլն»,- առաջարկում է ընդդիմությունը: