NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անձնագիր ստանալու ժամկետներն անորոշ են. 5-15 օր
ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայությունների տեղեկատվական տախտակներին փակցված է ինֆորմացիա այն մասին, որ քաղաքացին անձնագիր ստանալու դիմումը տալուց հետո 5 աշխատանքային օրերի ընթացքում կարող է վերցնել անձնագիրը: Սակայն վերջերս ՀՀ քաղաքացիներին մերժում են 5 օրում անձնագիր տրամադրել՝ նշելով, որ ծանրաբեռնված են, չեն հասցնում աշխատել, քանի որ սեպտեմբերին պետք է նոր անձնագրեր տրամադրել:
Այս օրերին անձնագիրը փոխել ցանկացող քաղաքացիներին անձնագրային ծառայություններում անձնագրի տրամադրման տարբեր ժամկետներ են նշում: Երեկ Նոր Նորքի անձնագրային ծառայությունում ասացին, որ անձնագիր կտրամադրեն 2 շաբաթից: Իսկ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ Կարեն Ուսուբյանը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի թեժ գծին՝ 080-080-804, տեղեկացրեց, որ իրեն ոստիկանությունում ասել են՝ չգիտեն, երբ կտան անձնագիր՝ միգուցե 2 ամսից:
«Անձնագրիս էջերից մեկը պատռվել է հենց իրենց մեղքով, կամ այն տուրիստական ընկերության, որտեղ թողել էի անձնագիրս: Դրա պատճառով ինձ չթողեցին հատել ՌԴ Կրասնոդար քաղաքի սահմանը, հիմա էլ ուզում եմ փոխել, ասում են անձնագրի թուղթ չունեն, 2 ամսից միգուցե լինի»,- դժգոհում է Ուսուբյանը:
Երբ www.hra.am –ը պարզաբանում խնդրեց Նոր Հաճնի անձնագրային ծառայության պետ Սարգիս Հակոբյանից, նա ասաց՝. «Մենք այժմ խնդիր չունենք, նա կարող է գալ ու 5 օրում անձնագիր ստանալ»:
Արաբկիր համայնքի անձնագրային ծառայությունում նույնպես խնդիրներ են առաջանում. «Ինձ նախ ասացին, որ անձնագիր տալու գործընթացը կանգնեցրել են, քանի որ տպագրական խնդիրներ ունեն: Մոտեցա պետին, ով հավաստիացրեց, որ 5 օրից անձնագիրը կստանամ, իսկ աշխատակիցն ասաց, որ ամենաշուտը 15 օրից կտան անձնագիր, ես էլ որոշեցի ընդհանրապես չթողնել անձնագիրս, որովհետեւ չգիտեմ՝ երբ կտան»,- www.hra.am –ին պատմեց մի քաղաքացի (նա չուզեց հրապարակել իր անունը), ով ուզում էր փոխել անձնագիրը՝ վիզայի ազատ էջեր չունենալու պատճառով։
Արաբկիրի անձնագրային ծառայությունից էլ մեզ տեղեկացրին, որ իրենք ոչ մի նման բան չեն ասել ու 5 աշխատանքային օրվա ընթացքում անձնագիր են տրամադրում:
Ի դեպ ծառայության աշխատակիցները բոլոր դեպքերում ասում են, որ զբաղված են ու չեն կարող 5 օրում տրամադրել անձնագիր, բայց չեն մոռանում հիշեցնել, որ ՀՀ-ում գործում է կարճ ժամկետում քաղաքացուն անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունը՝ իհարկե, համապատասխան վճարների դեպքում:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կայքում տեղադրված է կարճ ժամկետում անձնագիր ստանալու կարգը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արժե 20 հազար դրամ, 3-րդ աշխատանքային օրը՝ 10 հազար դրամ: Իսկ կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արժե 60 հազար դրամ, 3-րդ աշխատանքային օրը՝ արժե 50 հազար, 5-րդ աշխատանքային օրվա ընթացքում՝ 40 հազար դրամ:
Ամեն դեպքում այս կարգը փոփոխվելու է 2012թ. հունիսի 1–ից, քանի որ երեկ ՀՀ կառավարությունն արդեն որոշումներ է կայացրել՝ սահմանելով ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավոր վկայականի ձևերը, վերջինիս տրամադրման կարգը, առավել սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձվող վճարի չափը և վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը։