NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ֆեյսբուքն» ավելի գրավիչ է դառնում՝ որպես քարոզչական հարթակ

«Այս ընտրությունները պետք է լինեն առաջինը Հայաստանի ընտրական
գործընթացների պատմության մեջ, որտեղ «Ֆեյսբուքը» շատ լուրջ քարոզչական դերակատարություն
է ստանալու՝ չզիջելով ոչ միայն ուրիշ լրատվամիջոցներին իր նշանակությամբ և ազգեցությամբ,
այլև՝ նույնիսկ որոշ առումներով գերազանցելով այնպիսի միջոցի, ինչպիսին հեռուստատեսությունն
է»,- կարծում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:
«Ռեգիոնը» 2012թ. փետրվարից սկսել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում
ուսումնասիրել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը և դրանց լուսաբանումն առցանց
լրատվամիջոցների կողմից: Ապրիլի 12-ին Լ.Բաղդասարյանը ներկայացրեց
«Ֆեյսբուքը՝ որպես նախընտրական հարթակ» մոնիթորինգի առաջին փուլի արդյունքները:
««Ֆեյսբուքում» գնալով շատանում են հայաստանցիները, ներկայացված
են գրեթե բոլոր լրատվամիջոցներն, ընտրություններին մասնակցող կուսակցությունները: Մարտի
վերջի տվյալներով «Ֆեյսբուքի» օգտատերերի թիվը դարձել է 290.840, ինչը Հայաստանում ինտերնետից
օգտվողների 2/3-ն է»,- նշեց տիկին Բաղդասարյանը:
Նա նկատեց, որ ակտիվությունն սկսվել է 2011թ. աշնանից:
«Ֆեյսբուքում» ակտիվ են նույնիսկ այն կուսակցությունները, որոնք, Բաղդասարյանի խոսքերով,
ունեն հզոր քարոզչական միջոցներ՝ իրենց «սպասարկող» հեռուստաընկերությունները: Սա ազդանշան
է այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն ընկալվում է որպես կարևոր քարոզչական
հարթակ:
Ըստ Լաուրա Բաղդասարյանի՝ «Ֆեյսբուքը», որպես հզոր քարոզչական
միջոց, ունի իր առավելությունները: Նախ՝ այստեղ չկան ավանդական ԶԼՄ-ներին բնորոշ այնպիսի
հասկացություններ, ինչպիսիք են՝ չափից շատ տեղեկատվությունը, կոպիտ քարոզչությունը
և այլն: «Ֆեյսբուքը», ի տարբերություն լրատվամիջոցների, օրենքների և կանոնների չի ենթարկվում,
չի վերահսկվում, անվճար է և բաց ցանկացած օգտագործողի համար:
«Մյուս առավելությունն այն է, որ ինտերակտիվ է, և մոնիթորինգ
անելիս կարելի է ոչ միայն հետևել՝ ինչպես են քարոզում, այլև՝ ինչպես է այդ քարոզն ընկալվում
լսարանի կողմից»,- հավելում է «Ռեգիոնի» ղեկավարը:
Նրա կարծիքով՝ «Ֆեյսբուքը» գրավիչ է կուսակցությունների համար,
քանի որ օգտատերերի 83 տոկոսը չափահաս քաղաքացիներ են, իսկ չափահասների 36 տոկոսը՝
18-24 տարեկան երիտասարդներ, ովքեր դեռ չունեն հստակ քաղաքական դիրքորոշում:
Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են առցանց 5 լրատվամիջոցների՝
tert.am, 1in.am, news.am, 7or.am, zham.am ֆեյսբուքյան պատերը և 2012թ. առաջադրված կուսակցությունների
և անկախ պատգամավորական թեկնածուների պաշտոնական էջերը «Ֆեյսբուքում»:
Հայաստանի հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) դիտարկվում են Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի և ՀՀԿ պաշտոնական էջերը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունից՝ Լիլիթ Գալստյանի, Վահան Հովհաննիսյանի և Արմեն Ռուստամյանի,Հայ ազգային կոնգրեսից՝ Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի և Հրանտ Բագրատյանի էջերը: «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակից դիտարկման համար ընտրվել են Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի և Կարապետ Ռուբինյանի ֆեյսբուքյան էջերը:
Ուսումնասիրվել են բացառապես այն նյութերը, որոնց բովանդակությունը
վերաբերել է խորհրդարանական ընտրություններին: Դիտարկումը ցույց է տվել, որ կուսակցությունների
հասցեին արված դրական հիշատակումների հեղինակները եղել են հենց իրենք: Տիկին Բաղդասարյանը
նկատում է, որ թիմային զգացողությունը պակասել է, և կուսակցությունները գործում են
«ամեն մեկն իր համար և իր օգտին» սկզբունքով:
Ուսումնասիրության
տվյալներով՝ «Ֆեյսբուքում» ամենաակտիվը «Բարգավաճ Հայաստան» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն են,
իսկ պասիվ են «Օրինաց երկիրը» (ՕԵԿ) և Կոմունիստական կուսակցությունը:
Քաղաքական գործիչներից
«Ֆեյսբուքում» ակտիվ են Վարդան Օսկանյանը, Արմեն Աշոտյանը, Լիլիթ Գալստյանը: «Այս գործիչները
ոչ միայն ակտիվ քարոզչություն են անում, այլև երկխոսության մեջ են մտնում, ունեն այլ
էջերի մասին գրառումներ: Բայց շատ քիչ են այն կուսակցականները, որոնց պատը բաց է, հրապարակային
է: Շատերի դեպքում պետք է ընկեր լինես, որ կարողանաս մեկնաբանություն գրել, իսկ երբ
ընկեր ես, արդեն վատ բան չես կարողանում գրել»,- ասում է ծրագրի մոնիտոր Անժելա Չոբանյանը:
«Ֆեյսբուքում» պասիվ է Արմեն Ռուստամյանը, իսկ Հեղինե Բիշարյանն
ընդհանրապես ներկայացված չէ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի պատը թեև ակտիվ է, բայց՝ փակ,այնտեղ ավելի
շատ նյութեր են տեղադրվում և երկխոսություն չկա:
Մոնիտորինգի արդյունքում նաև նկատվել է մի միտում, որ էջերը
հավանողների (like) քանակը թեև շատ է, սակայն զգալիորեն ավելի քիչ են էջը քննարկողները,
մեկնաբանություն գրողները և էջի նյութերը տարածողները: Դրանք հիմնականում էջի ադմինիստրատորներն
են:Սրանից «Ռեգիոնի» տնօրենը եզրակացնում է, որ գուցե հավանողների թիվն արհեստականորեն
ուռճացված է: «Իմ կարծիքով՝ դա պետք է որ ձեռնտու չլինի կուսակցություններին: Կուսակցության
PR-ով զբաղվող մարդիկ հետաքրքրված պիտի լինեն իրական տվյալներով, ուսումնասիրեն ընտրողների
տրամադրությունները և անհրաժեշտության դեպքում ռազմավարությունը փոխեն: «Ֆեյսբուքն» այս
տեսանկյունից, կարևոր գործիք է»,- կարծում է Լաուրա Բաղդասարյանը:
Վերջում Լ.Բաղդասարյանն նշեց, որ այս մոնիտորինգը
վերահսկողական չէ, այլ՝ իրազեկման նպատակ ունի, և ելնելով «Ֆեյսբուքի» տեխնիկական հնարավորություններից՝
ներկայացված տվյալները բացարձակ չեն կարող լինել:
